Սարատովում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Սարատովում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ընկերությունը։


Հարձակման հետևանքով Ozon-ի աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։


Ընկերությունից հայտնել են, որ կենտրոնում պահվող մի շարք ապրանքներ ներկայում հասանելի չեն պատվերի համար և կհեռացվեն կայքի ցուցադրությունից։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև այդ կենտրոնի վաճառողներից ապրանքների ընդունումը։


Լոգիստիկ կենտրոն տեղափոխվող ապրանքներն ընկերությունը վերահասցեագրել է այլ կենտրոններ։


Ozon-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ առայժմ Սարատովի և հարակից տարածաշրջանի հաճախորդների համար նոր պատվերների ընդունումն ու առաքումը ժամանակավորապես դադարեցվել են։


«Տարածաշրջանում գործունեությունը վերսկսելու դեպքում ձեզ առանձին կտեղեկացնենք ձեր անձնական հաշվի միջոցով», - նշել են ընկերությունից։