Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել են Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ։


Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Լեհաստանը Եվրամիությունում կարևոր գործընկեր է Հայաստանի համար։


Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն էլ ավելի կխորանա։


Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել են երկկողմ համագործակցության ընդլայնումից, կարևորել երկու երկրների միջև փորձի փոխանակման խթանումը։ Հյուրերը նշել են, որ Լեհաստանն աջակցում է եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարագացումների վերաբերյալ, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը։ Այս համատեքստում ընդգծվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման անհրաժեշտությունը։