Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝  նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար: 


«Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցող կարող է հավասար հիմունքներով և իր կարիքներին համապատասխան օգտվել գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից։ Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ներդրված միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն կտան գրականությունն ու տեղեկատվությունը ներկայացնելու տարբեր ձևաչափերով՝ նպաստելով գրադարանային ծառայությունների առավել հարմարավետ, արդյունավետ և մատչելի կազմակերպմանը։ 


Ընթերցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Ադամ Այվազյանը, նրա կինը և թոռները, Ազգային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչները։ 


«ՀՀ կառավարությունը սահմանափակ կարողություններով մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը կարևոր առաջնահերթություն է համարում: Նպատակն է՝ քաղաքացիներն ունենան հավասար հնարավորություններ՝ օգտվելու բոլոր ենթակառուցվածքներից»,- բացման խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ կարևորելով նախաձեռնությունը։ 


Անդրադառնալով Ազգային գրադարանում բովանդակային և ենթակառուցվածքային բարեփոխումներին՝ նա նշել է, որ այդ ուղղությամբ պետությունը հետևողական ջանքեր է գործադրում, միաժամանակ կարևորվում է բարերարների հետ համագործակցությունը՝ «քաղաքացիները պետության կողքին և պետությունը՝ քաղաքացիների» սկզբունքով:


«Հուզիչ է, երբ մարդն ապրում է իր միջոցները այլ մարդկանց բարօրությանն ուղղելու բարձր գաղափարով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Այվազյան ընտանիքին Ծիածան (Ջիա) Այվազյանի կամքն ու նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- ասել է նախարարի տեղակալը։


Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության մասնակից բոլոր կողմերին հաջողված համագործակցության համար: Նա նշել է՝ գրադարանները՝ որպես մարդակենտրոն ինստիտուտներ, աշխարհում երևի թե միակն են մնացել, որոնք անվճար են և հասանելի հասարակությունների համար՝ պահպանելով գրադարանային փիլիսոփայությունը: «Գրադարանից օգտվելու հասանելիությունը սահմանափակ կարողություններով անձանց համար ավելի քան առաջնային է»,- նշել է Աննա Չուլյանը՝ երախտագիտություն հայտնելով բարերար Ծիածան (Ջիա) Այվազյանին և նրա ընտանիքին։


Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները ևս  հանդես են եկել ելույթներով։ 


«Այս նախաձեռնությամբ Ծիածան (Ջիա) Այվազյանը պարզապես հիշողություն չէ. նա կենդանի է՝ որպես հոգու շքեղություն, որն օրինակելի է լինելու սերունդների համար»,- նշել է եղբոր թոռը՝ Նեթան Գրիգորի Այվազյանը։


Ներկայացվել է նաև Ծիածան (Ջիա) Այվազյանի  գործունեությունը։ Նա նախկինում շուրջ 11000 կտոր գրականություն է նվիրաբերել գրադարանին: Հայ գրադարանավարների հետ ունեցած սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 1991 թվականին Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով՝ որպես նրա գործունեության ամենաբարձր գնահատական Հայաստանում: