Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 20-ին՝ ժամը 20․40-ին, Արարատի մարզի Այնթապ գյուղում ձերբակալել են Երևանի 50-ամյա բնակչի։ Նա կասկածվում է թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու մեջ։ Տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 6,29 գրամ հերոինով լցված 4 փաթեթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Սա, սակայն, օպերատիվ տեղեկությունների իրացման առաջին փուլն էր։ Իրավապահներին հայտնի էր դարձել նաև, որ երևանցուն թմրամիջոցները պարբերաբար մատակարարել են Նոր Խարբերդում բնակվող երկու օտարերկրացիներ։


Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահ մարմինների համատեղ և լայնածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր շղթան բացահայտվել է օգոստոսի 31-ին։


Իրականացված հատուկ միջոցառման ընթացքում 62-ամյա և 46-ամյա օտարերկրացիները ձերբակալվել են հենց 20 գրամ հերոինը 300 հազար դրամով իրացնելու պահին։ Դատարանի որոշմամբ՝ 46-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 132 գրամ հերոին, կես գրամ ափիոն, 6,5 հաբ մեթադոն և 20 հոգեմետ դեղահաբ։


Երկու օտարերկրացիներն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։