Երևանում համերգով հանդես կգա ENIGMA լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը

Երևանում Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 21-ին ելույթ կունենա Էնդրյու Դոնալդսը՝ ENIGMA-ի «ոսկե ձայնը»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտիստը, լարային նվագախմբի և մանկական երգչախմբի ուղեկցությամբ, կներկայացնի ENIGMA-ի հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։ 

Գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Միխայել Կրետուի ստեղծած նախագիծը միավորել է էլեկտրոնային երաժշտությունը, էթնիկ մոտիվները, երգչախմբային հատվածներն ու մթնոլորտային հնչողությունը՝ ձևավորելով սեփական, ճանաչելի երաժշտական լեզուն։ Նախագծի հնչողության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էնդրյու Դոնալդսի ձայնը։

Ճամայկացի երգիչն իր մենակատարային կարիերան սկսել է 1990-ականներին, իսկ 1998-ին միացել է ENIGMA-ին՝ սկսելով համագործակցել Միխայել Կրետուի հետ։ Նրա վոկալը հնչել է նախագծի մի շարք առանցքային ալբոմներում և դարձել դրանց երաժշտական մթնոլորտի անբաժանելի մասը։


Ակտիվ տարիներին ENIGMA-ն վաճառել է ավելի քան 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում և արժանացել բազմաթիվ «պլատինե» ու «ոսկե» մրցանակների։ Նրանց Sadeness (Part I), Return to Innocence, Beyond the Invisible և Modern Crusaders երգերը համաշխարհային երաժշտության պատմության մաս են դարձել։


Զուգահեռաբար Դոնալդսը շարունակել է իր երաժշտական ուղին որպես մենակատար։ Նրան միջազգային ճանաչում են բերել Mishale, All Out of Love, Save Me Now և այլ հայտնի երգեր։ Նրա երաժշտությունը հնչել է ֆիլմերում ու հեռուստանախագծերում։

Երևանում սպասվող համերգը հնարավորություն կտա ENIGMA-ի սիրված ստեղծագործությունները լսել կենդանի՝ նոր ձևաչափով։ Ծանոթ էլեկտրոնային հնչողությանը կմիանան կենդանի լարային նվագախումբն ու մանկական երգչախումբը՝ ստեղծելով տպավորիչ և հուզառատ բեմական ծրագիր։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1259962