Ես շատ լավ եմ ճանաչում Պուտինին. Նա նպատակ չունի հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ ամերիկյան բանագնացներ Ուիթկոֆֆն ու Քուշներն առաջիկայում Մոսկվային կփոխանցեն Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկը:


Լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Թրամփն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապերին՝ ընդգծելով, որ լավ է ճանաչում Ռուսաստանի նախագահին և չի հավատում, թե վերջինս մտադրություն ունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ «Ես շփվում եմ Պուտինի հետ և շատ լավ եմ ճանաչում նրան։ Նա նպատակ չունի հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա»,- հավաստիացրել է նա։


Անդրադառնալով Զելենսկու և Պուտինի փոխհարաբերություններին՝ ԱՄՆ նախագահը նրանց միջև առկա խորը ատելությունը որակել է որպես խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտներից մեկը։ «Այս հարցում կա անհատականության գործոն։ Զելենսկին ու Պուտինն իսկապես ատում են միմյանց։ Գիտե՞ք՝ ինչ է նշանակում իրական ատելություն. նրանց միջև հենց այդպիսի խորը ատելություն կա, ինչն էլ խանգարում է գործընթացին»,- նշել է Թրամփը։


Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է Հորմուզի նեղուցից կախվածությունը թուլացնելուն միտված քայլերի մասին։ «Այժմ իրականացվում են խողովակաշարերի կառուցման աշխատանքներ։ Սիրիայով անցնող ճանապարհն արդեն իսկ գործում է, և մարդիկ հսկայական բեռնատարներով նավթ են տեղափոխում այդ տարածքով»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ ստեղծվում են Հորմուզի նեղուցին այլընտրանքային բազմաթիվ ուղիներ, և «նեղուցն այլևս նախկին նշանակությունը չունի»։


Խոսելով միջազգային հակամարտությունների կարգավորման գործում իր ունեցած ներդրման մասին՝ Թրամփը դժգոհել է պատշաճ գնահատականի բացակայությունից։ «Ես ավարտին եմ հասցրել ութ պատերազմ, բայց դրա համար ոչ մի երախտիքի չեմ արժանացել։ Նոբելյան մրցանակ ստացե՞լ եմ։ Ո՛չ, թեև այն ստացած անձն այնքան բարեհաճ գտնվեց, որ այն ինձ տվեց»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։