Վարչապետը հստակ ուղերձ հղեց․ հասարակական պարսավանքը լինելու է շատ ուժեղ և դաժան

Իրավական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք վերջին օրերին աղմկահարույց կալանավորումների, կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքների ու դրանց վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին։


- Պարոն Խալաթյան, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, խոսելով Գագիկ Խաչատրյանի կալանավորման մասին, ասել է, որ ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող թաքնվել պատգարակի տակ, թող տեսնեն բոլոր կոռուպցիոներները, հատ-հատ իրենք պետք է կրեն իրենց պատասխանատվությունը։ Ըստ Ձեզ՝ սրանով ի՞նչ ուղերձ տվեց վարչապետը։


- Կարծում եմ՝ սրանով վարչապետը հստակ ուղերձ է հղել բոլոր կոռումպացված շրջանակներին, որ առաջնահերթ հարված է հասցվելու, այսպես ասած՝ նրանց հեղինակությանը։  Այսինքն՝ հասարակական պարսավանքը լինելու է շատ ուժեղ և դաժան։ Այդ մարդիկ պարզապես հասարակության աչքում արժեզրկվելու են, այդ  թվում՝ վիզուալ, դատավարական, հարկադրանքի միջոցների կիրառմամբ։ Այսինքն՝ առաջնահերթ նպատակ է դրված արժեզրկել այդ մարդկանց հասարակության աչքում և, կարելի է ասել, փոխել մոտ 20 և ավելի տարիներ Հայաստանում արմատացած այդ «հերոսների», իսկ իրականում հակահերոսների, «ուժեղ տղերքի» կերպարը, որոնց ցանկանում էին նմանվել մատաղ սերնդի ներկայացուցիչները, որոնց հետ ցանկանում էին մտերմություն անել և իրենց համար դա պատիվ էին համարում մեր շատ համաքաղաքացիներ։ Այս ամենով փորձ է արվում կոտրել և  զրոյացնել այդ մարդկանց հասարակական կշիռն ու ազդեցությունը՝ արդեն երկարաժամկետ կտրվածքով, և հասարակության մեջ փաստացի փոխել ուժերի հավասարակշռությունը։    


- Իսկ Քոչարյանի և Ծառուկյանի կալանավորման գործընթացը ի՞նչ ցույց տվեց, կարո՞ղ ենք ասել, որ այս ամենով հնարավոր է հասնել արդարության։


- Այստեղ ես պետք է զատեմ միմյանցից հասարակական պարսավանքը և իրավական պատասխանատվությունը։ Մենք գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ ունենք, այդ թվում՝ տարբեր կլանների հետ կապված դատավորներ, դատախազներ, քննիչներ։ Եվ այդ է պատճառը, որ հաճախ հասարակության մեջ արմատացած և գործնականում աներկբա ճշմարտություններն իրավական ամրագրում չեն ստանում։ Հետևաբար ես զգուշավոր  լավատեսություն եմ տածում այն քրեական վարույթների հեռանկարի հանդեպ, որոնք այսօր նախաձեռնվել են և իրականացվում են, որովհետև տեսել ենք, իսկ աչքը տեսածից է վախենում։ Ակնհայտ է հասարակության մեջ տարիների ընթացքում, այդ թվում՝ փաստահավաք խմբի օգնությամբ, անկախ հետաքննող լրագրողների օգնությամբ, այդ թվում՝ դատավարական, հասարակության համար ակնհայտ դարձած հանցագործները մեկ էլ հանկարծ իրավական տարբեր աճպարարությունների միջոցով ազատ են արձակվում և արդարացվում են կամ որևէ կերպ խուսափում են քրեական պատասխանատվությունից։ Հետևաբար այդ անձանց կալանավորումը ես կարող եմ ժամանակավոր, ինչ-որ հանգրվանային հաջողություն համարել, որովհետև դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու նրանց գործերի վերջնական իրավական հանգուցալուծումը։ Եվ  այստեղ քաղաքական իշխանությունն անելիք ունի՝ այդ քաղաքականության իրավական ընթացավորման առումով, այդ թվում՝ ինստիտուցիոնալ խորը բարեփոխումների միջոցով, որպեսզի փակվեն բոլոր սողանցքերը հանցագործների՝ քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու համար։       

               

  - Ընդդիմադիրները վերոնշյալ կալանավորումները համարում են քաղաքական հետապնդում, նույնիսկ ավելի հեռուն գնացին և համարեցին խոշտանգում։ Դուք դեռևս 2007 թվականից մասնակցել եք այն ժամանակվա ընդդիմադիր շարժմանը և ականատես եք եղել բազմաթիվ քաղաքական հետապնդումների ու ապօրինի կալանավորումների, կխնդրեմ նախ համեմատական անցկացնեք, ինչպես նաև գնահատական տաք այս գործընթացին։


- Այս առումով պետք է նշել, որ գործ ունենք քաղաքական շահարկման լրջագույն արշավի հետ։ ԵԽ-ն դեռևս «Մարտի 1»-ի դեպքերով և 2008 թվականի նախագահական ընտրությունների շրջանում ապօրինի ձերբակալված և կալանավորված անձանց իրավական բնութագրման նպատակով ընդունեց բանաձև, որտեղ սահմանեց քաղբանտարկյալ եզրույթը։ Հիմա, տվյալ պարագայում, մենք ավելի քան հիմնավոր կասկած ունենք, որ օրինակ՝ Գագիկ Խաչատրյանը ապօրինի մեծ ունեցվածք է կուտակել, և այդ առնչությամբ նաև փողերի լվացման դրվագ կա, կարծեմ կաշառք վերցնելու դրվագ կա և այլն։ Ինչ վերաբերում է ընթացակարգային երաշխիքների պահպանմանը, ապա մենք տեսնում ենք, որ Գագիկ Խաչատրյանի պարագայում առկա է դատաբժշկական եզրակացություն առ այն, որ նա չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը հակացուցված լինի կալանքին և ընդհանրապես դատավարական հարկադրանքի միջոցների կիրառմանը, ավելին՝ առավել խորը հետազոտություն անցկացնելու նպատակով նրան առաջարկվել է ՄՌՏ ստուգում անցնել, նա, չգիտես ինչու, մերժել է։ Եվ այդ առնչությամբ փաստաթղթավորված ճշմարտությունն է իրավական ճշմարտություն հանդիսանում։ Եվ այստեղ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում զգայական բաղադրիչ ավելացնել բացառապես իրավական բնույթ ունեցող վարույթին։ Ասեմ ավելին, մենք երբեմն ունենք անսպասելի մեղմ վերաբերմունք շատ հայտնի շրջանակների ներկայացուցիչների հանդեպ, որոնք անցնում են տարաբնույթ քրեական վարույթներով։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ քաղբանտարկյալի նշույլ անգամ չկա՝ ի տարբերություն 2007-2008 թվականների, երբ մարդկանց ուղղակի պետական տեռորի էին ենթարկում։ Կա «Հայաստանի կորսված գարունը» հայտնի ֆիլմը, կան յութուբյան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են կարմիր բերետավորները ծեծում ու խեղում մարդկանց, հաշմանդամ դարձնում։ Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներ ունի այդ առթիվ, ընդհուպ կարող ենք հետ գնալ մինչև 2003-2004 թվականներ՝ նախագահական ընտրություններ, «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» այդ խայտառակ գործը հիշել, երբ Երևանի նախկին ոստիկանապետը պարզապես անդամախեղել էր ակտիվիստ Վիրաբյանին, որը հետո հաշվեհարդարից խուսափելու համար փախավ Բելգիա։ Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք՝ ինչ է պետական տեռորը, ինչ է քաղաքական հետապնդումը, դա լիովին այլ միջավայր է ենթադրում,  հակաիրավական միջավայր, ինչը բնականաբար հետհեղափոխական Հայաստանում չկա և չի էլ կարող լինել։ Ավելին ասեմ, հասարակությունն ավելի շատ բողոքում է նրանից, որ տարբեր իրավական հանգույցների օգտագործմամբ հասարակության աչքում մեղավորները խուսափում են պատժից, այսինքն՝ մենք էսօր հասարակական պահանջ ունենք ավելի խիստ միջոցների կիրառման պետության կողմից, քան հակառակը։


- Քանի որ գործարար Նարեկ Նալբանդյանի անունը մամուլը հաճախ է կապում վարչապետի ընտանիքի հետ, և նրան համարում են իշխանությունների «սրտի օլիգարխ», այսօր այդ մասին վարչապետին հարց է ուղղվել, ինչին ի պատասխան նա ասաց, որ ինքը սրտի օլիգարխ չունի, և հանձնարարել է, որ համապատասխան մարմինները վարույթներ հարուցեն, և եթե ստանան ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե իրենց ընտանիքի հետո որևէ կապ ունի, ապա արձագանքը կլինի շատ դաժան։ Ըստ Ձեզ՝ այս ամենը ո՞ր շրջանակների կողմից է ուղղորդվում և ի՞նչ նպատակով։


- Անկեղծ ասած, ես ևս տարակուսում եմ, թե ինչպես է հնարավոր կապել Նարեկ Նալբանդյանի անունը վարչապետի ընտանիքի հետ, անգամ հեռավոր աղերս ես չեմ տեսնում դրա համար։ Ավելին ասեմ, ես որոշակի այլ տեղեկության եմ տիրապետում առ այն, որ այդ անձը այլ շրջանակների հետ է կապված, բայց դա իմ լուծելիք հարցը չէ, և պետք է իրավասու մարմինները դա պարզեն։ Բոլոր պարագաներում ակնհայտ է, որ այդ ամենը վարչապետի անվան հետ կապելը շատ նենգ նպատակներ է հետապնդում, այն է՝ արատավորել վարչապետի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, և այդ ուղղությամբ, այո, իրավասու մարմինները պետք է գնան։ Ինչու ոչ, նաև քաղաքական մակարդակում պետք է այդ հարցը բարձրացնել, և ընդհանրապես ցանկացած գործարար պետք է առավելագույն թափանցիկություն դրսևորի իր գործունեության մեջ, այդ թվում պետք է ուժեղացնել ինստիտուցիոնալ երաշխիքները, որպեսզի որևէ գործարարի ունեցվածքի ծագումնաբանությունը հասարակությունից թաքուն չմնա։

 

 

 Լիլիթ Թադևոսյան