Հայաստանը ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամից 80 մլն եվրոյի վարկ կստանա։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել այդ վարկային համաձայնագրի հաստատմանը։
Նախագծի համաձայն՝ վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը միտված է երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Ծրագիրը ներառում է ներդրումային, մաքսային, տնտեսական մրցակցության, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների բարեփոխումներ։ Մասնավորապես, ընդունվել են «Ներդրումների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները, մաքսային համակարգում ներդրվել է միասնական մաքսային հաշիվ, ինչպես նաև ընդլայնվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները։ Բարեփոխումները շոշափում են նաև կանաչ տնտեսության անցման, կլիմայական օրենսդրության և արտանետումների կառավարման ուղղությունները։
80 մլն եվրոյի վարկի մարման ժամկետը 18 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Տոկոսադրույքը լողացող է՝ այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ 4.241 տոկոս է: Վարկի մասհանման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 30-նն է։