ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,- նշել է նախարարը:
Քննարկման ընթացքում մասնագիտական համայնքի ներկայացուցիչները վեր են հանել վերջին ամիսներին իրենց ոլորտներում արձանագրված խնդիրները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին:
Տեխնիկական բնույթի խնդիրների կարգավորման նպատակով նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել։ Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն առաջարկել է ասոցիացիաներին ցուցաբերել ավելի մեծ ակտիվություն և նախադեպային խնդիրների ու առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման՝ ընդգծելով գերատեսչության պատրաստակամությունը համագործակցության համար։