ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորմանը։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Լավրովը հիշեցրել է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Այնուհետև ՌԴ ԱԳ նախարարը մեղադրանքների թեման կապել է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության հետ՝ խոսելով նաև հայ և ռուս ժողովուրդների «դարավոր կապերի» մասին։
«Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարերի ընթացքում հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Միշտ, ժամանակի երկար հատվածներում, մենք եղել ենք միասին, համերաշխ միմյանց հետ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխող լինեն»,– ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Երևանի իշխանությունների քայլերը Ռուսաստանում որոշակի «տրավմա» են առաջացրել։
«Հիմա Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հռչակված է Եվրոպական միությանն ուղղվածության նպատակը, ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք։ Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են լինել ԵՄ-ում, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, իմ կարծիքով՝ դա բոլորովին արդարացված խնդրանք է։
Մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ։ Այս մասին արդեն բազմիցս ասվել է։ Բայց Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի։ Ի՞նչ է նշանակում՝ «երբ ժամանակը գա»։ Եթե դու օրենք ես ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին։
Բառացիորեն վերջերս նորություններ էի կարդում այն մասին, որ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ իրենք հայտ ներկայացնեն Եվրամիությանը, երբ դրան արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն ժամանակ, նրա խոսքով, էլ կլինի հանրաքվեն»,– նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը կարող է վկայել հայ ընտրողների նկատմամբ վստահության պակասի մասին։
«Իմ կարծիքով՝ դա խոսում է հայ ընտրողների, հայ ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրություն՝ ինչի միջև ես ընտրություն անում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է վեց միլիարդից ավելի, մեկ տարի՝ 12 միլիարդ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»,– ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։