Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում արգելել կամ խոչընդոտել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, եթե ՌԴ-ում նոր մոբիլիզացիա հայտարարվի, և նրանք որոշեն մեկնել Հայաստան։ Այս մասին «Дождь» հեռուստաընկերությանն է հայտնել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռազմաճակատ մեկնելուց խուսափող ռուսաստանցիներին, Սիմոնյանը պատասխանել է.
«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»։
Վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ ակտիվորեն շրջանառում են Ռուսաստանում հնարավոր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը։ Թեև Կրեմլը օգոստոսի 25-ին այդ տեղեկությունները որակել է որպես «տեղեկատվական կեղծիքներ», հարկ է նշել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայտարարված մասնակի մոբիլիզացիայից առաջ ՌԴ իշխանությունները նույնպես հերքում էին նման նախապատրաստությունների մասին լուրերը։