Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, մի շարք անձանց հետ հանցակցությամբ և առաջնորդվելով անձնական ու մասնավոր շահերով, պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական սեփականություն հանդիսացող` առանձնապես խոշոր չափերով գույքն իրեն և իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու, ինչպես նաև այդ գույքի հանցավոր ծագումը քողարկելու և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով:
Մասնավորապես.
Ռ.Ք.-ն և Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ա.Ո.-ն նախապես համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ պետական պաշտոնյաների ներգրավմամբ կազմակերպված գործընթացների միջոցով պետությանը պատկանող մի շարք արժեքավոր անշարժ գույքեր ձեռք բերեն շուկայականից զգալիորեն ցածր գնով և առանց մրցակցային ընթացակարգերի։
Այսպես.
Ձևական գործարքների կատարումն ապահովելու համար, փոխկապակցված և փոխլրացնող հանցավոր գործողությունների շղթայում ներգրավվել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդին՝ Ս.Ք.-ն, Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ա.Ո.-ի կինը՝ Գ.Ո.-ն, ինչպես նաև Ա.Ո.-ի և Գ.Ո.-ի դուստրերը՝ Հ.Ո.-ն և Վ.Ո.-ն։
Հանցավոր սխեմայի իրականացման շրջանակներում՝ Երևանի նախկին քաղաքապետ Ռ.Ն.-ն, մի շարք օրենքների խախտմամբ, Կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հողամասերն առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին» որոշման նախագիծը, որով թույլատրվել է Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 4 հա և Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասերը հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի ու Ա.Ո.-ի հետ փոխկապակցված «ՍԱՄՎԵԼ-10» ՍՊ ընկերությանը։ Նշված որոշումը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունվել է Կառավարության կողմից և նույն օրը վավերացվել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի կողմից: Երևանի քաղաքապետարանի և «Սամվել-10» ՍՊ ընկերության տնօրեն Մ.Հ.-ի միջև կնքվել է հողի վարձակալության երկու պայմանագիր, որոնցում ձեռագիր ավելացվել է 29-րդ կետ՝ վարձակալին հողի ուղղակի գնման նախապատվության իրավունք տալու մասին։
2001 թվականի նոյեմբերի 12-ին Ա.Ո.-ի դստեր՝ Վ.Ո.-ի անվամբ հիմնադրվել է «Ֆաստ Քարտ» ՍՊ ընկերությունը: Թեև «Սամվել-10» ՍՊ ընկերության հետ նշված անշարժ գույքերի վարձակալության պայմանագիրը կնքված է եղել հիսուն տարի ժամկետով, գույքը վարձակալությամբ տրամադրելուց շուրջ մեկ ամիս անց՝ 2001 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի կողմից կայացվել է մեկ այլ որոշում՝ «Սամվել-10» ՍՊ ընկերությանը Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցներին հարող տարածքում գտնվող 4 հա, ինչպես նաև Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով՝ կադաստրային արժեքի գնի չափով, այն է՝ ընդհանուր 53 միլիոն 414 հազար դրամով օտարելու մասին։
Այս որոշման հիման վրա, հիմք ընդունելով լուծված վարձակալության պայմանագրից բխող գնման նախապատվության իրավունքը՝ «Սամվել-10» ՍՊ ընկերության հետ որոշմամբ սահմանված արժեքներով կնքվել է հողամասերի օտարման պայմանագիր. առևտրային կազմակերպության սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում։
2001 թվականի դեկտեմբերի 11-ին Ա.Ո.-ի դստեր անվամբ հիմնադրված «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերության և «Սամվել-10» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի ձևական պայմանագիր: Հողամասի վաճառքի գին նշվել է 13 միլիոն 800 հազար դրամ, որը Երևանի քաղաքապետարանից նույն գույքը ձեռք բերելու արժեքը գերազանցել է ընդամենը 15 հազար 200 դրամով։
Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողակտորի ձեռքբերման համար նույն օրը՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին, «Սամվել-10» ՍՊ ընկերության և Ա.Ո.-ին և Ա.Ո.-ի կնոջը պատկանող «Այգեձոր» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի առուվաճառքի ձևական պայմանագիր, որով վերջինս 39 միլիոն 630 հազար դրամով «Սամվել-10» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողատարածքը: Հողամասի վաճառքի գինը նույնն է, ինչ Երևանի քաղաքապետարանից նույն գույքի ձեռքբերման արժեքը:
Այսպիսով, վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը, սահմանված կարգի խախտմամբ, առանց հրապարակային սակարկությունների, նախ տրամադրվել են վարձակալության իրավունքով՝ ապահովելով դրանց գնման նախապատվության իրավունքը, այնուհետև ուղղակի վաճառքով օտարվել են Ռ.Ք.-ի և Ա.Ո.-ի հետ փոխկապակցված ընկերություններին:
2003 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի կողմից «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարվել է Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքում գտնվող ևս 3,94 հա մակերեսով հողամաս՝ 13 միլիոն 578 հազար 28 դրամով:
Կատարված գործարքների վերջնարդյունքում, ապօրինի կերպով ՀՀ սեփականության ֆոնդից դուրս բերված՝ Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 7,94 հա հողատարածքի նկատմամբ 27 միլիոն դրամի դիմաց սեփականության իրավունք ստացած «Ֆաստ քարթ» ՍՊ ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2004 թվականի նոյեմբերի 15-ին նվիրատվությամբ փոխանցվել է Ռ.Ք.-ի որդուն՝ Ս.Ք-ին:
2008 թվականի մարտի 28-ին Երևանի քաղաքապետարանի և «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի օտարման պայմանագիր, համաձայն որի՝ «Ֆասթ Քարթ» ՍՊ ընկերությանն Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքում օտարվել է ևս 3822,5 քմ մակերեսով հողամաս՝ 17 միլիոն 292 հազար 990 դրամով. Արդյունքում, օտարված հողատարածքների ընդհանուր չափը կազմել է 8,3218.5 հա:
Հանցավոր ճանապարհով ստացված մյուս՝ Երևան քաղաքի Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող 2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2004 թվականի մարտի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ.-ի կողմից կայացվել է հողամասի փոխանակման մասին որոշում, համաձայն որի՝ «Այգեձոր» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա մակերեսով հողամասը փոխանակվել է տվյալ տարածքում գտնվող՝ պետության սեփականություն հանդիսացող նույն մակերեսով հողամասի հետ։ Այնուհետև, 2 հա մակերեսով հողամասը բաժանվել է 4 առանձին մասերի, որոնց տրվել են առանձին սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ։ 2018 թվականի մարտի 13-ին «Այգեձոր» ՍՊ ընկերության անվամբ գրանցված Երևան քաղաքի Անտառային 186/7 հասցեում գտնվող՝ 0,733 հա մակերեսով և Անտառային 186/8 հասցեում գտնվող, 0,200 հա մակերեսով հողամասերն ընդհանուր 313 միլիոն 431 հազար դրամով օտարվել են «Գարդն Ռեզիդենս» ՍՊ ընկերությանը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի Անտառային 186/6 հասցեում գտնվող՝ 0,763 հա մակերեսով և Անտառային 186/5 հասցեում գտնվող՝ 0,304 հա մակերեսով հողամասերը՝ ընդհանուր 1 միլիարդ 428 միլիոն 500 հազար դրամով օտարվել են օտարերկրյա քաղաքացուն։
Ռ.Ք.-ն, շարունակելով Ա.Ո.-ի հետ հանցավոր գործունեությունը, այլ անձանց հետ հանցակցությամբ, իրենց հետ փոխկապակցված ընկերության միջոցով իրավունք են ձեռք բերել Երևան քաղաքի Պարոնյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։
Այսպես.
2001 թվականի նոյեմբերի 9-ին կնքված գործարքով ձեռք բերելով Պարոնյան 8 հասցեի անշարժ գույքը՝ «Սամվել-10» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Հ.-ն շուրջ մեկ ամիս անց՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին ձևական գործարքով՝ ձեռքբերման արժեքից 54 հազար դրամ էժան գնով՝ 40 միլիոն դրամով, այն օտարել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Ք.-ի հետ փոխկապակցված, Ա.Ո.-ի և նրա կնոջ կողմից հիմնադրված «Այգեձոր» ՍՊ ընկերությանը:
Ընդ որում, ինչպես Պարոնյան 8 հասցեում, այնպես էլ «Սամվել-10» ՍՊ ընկերության անվամբ ձևակերպված Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող հատվածում և Կասկադի ձախակողմյան հատվածից՝ Դեմիրճյան փողոցի ուղղությամբ գտնվող անշարժ գույքերը բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված «Այգեձոր» ՍՊ ընկերությանը և «Ֆաստ քարթ» ՍՊ ընկերությանը փոխանցվել են նույն օրը՝ 2001 թվականի դեկտեմբերի 11-ին։
Հետագայում, «Այգեձոր» ՍՊ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն 1 միլիոն 726 հազար 780 դրամի դիմաց գնել է Պարոնյան 8 հասցեում գտնվող 668 քմ մակերեսով հողատարածքը, որտեղ կառուցել է 10 հարկանի շինություն: 2006 թվականին Պարոնյան 8 շենքի՝ 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 1, 3, 4, 5, 6, 7 հասարակական օգտագործման 600 քմ տարածքները և 2 ավտոկայանատեղիները շուկայական արժեքից 232 միլիոն 433 հազար 500 դրամ պակաս գնով՝ 99 միլիոն 365 հազար դրամով, ձևական առուվաճառքի գործարքի հիման վրա ձևակերպվել են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անվամբ:
Շարունակելով հանցավոր մտադրության իրագործումը՝ Ռ.Ք.-ն և նրան փոխկապակցված Ա.Ո.-ն շուկայականից ցածր գնով և առանց խոչընդոտների իրենց և ընտանիքի անդամների, փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձեռք են բերել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերությունը։
Այսպես.
2003 թվականի փետրվարի 27-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Դ.Վ.-ն գրությամբ հայտնել է «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը, որ 2002 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում կայացած՝ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության մրցույթով մասնավորեցման արդյունքների արձանագրության համաձայն հաղթող ճանաչված «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է մրցույթի արձանագրությունը ստանալուց 60 օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր, սակայն մրցույթից երեք ամիս անց այդպիսի պայմանագիր չի կնքվել: Կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի որոշմամբ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված գույքից NN 1 և 2 քոթեջները համապատասխան մեքենասարքավորմամբ և արտադրատնտեսական գույքով, ինչպես նաև հացատունն ուղղակի վաճառքով՝ 3,5 միլիոն դրամով մասնավորեցվել է նախօրոք հայտնի գնորդ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը:
2003 թվականի դեկտեմբերի 2-ին «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը միացվել է «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերությունը և միացման արդյունքում՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանն են անցել «Կապուտակ Սևան» առողջարան» դուստր ձեռնարկության անունով ձևակերպված անշարժ գույքերը:
2004 թվականի մարտի 31-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ․Կ.-ն «Արթ Բիլդ» ՍՊ ընկերությանը հայտնել է, որ Պետական գույքի կառավարման վարչությունում ՍՊ ընկերության կողմից պարտավորությունների կատարումը հավաստող տեղեկություններ չեն ստացվել, պահանջել է ներկայացնել դրանք և ծանուցել, որ հակառակ դեպքում պայմանագիրը դատական կարգով կլուծվի: 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ․Կ.-ն, չստանալով «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության կողմից պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթեր, գրությամբ տեղեկացրել է, որ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության ստանձնած պարտավորությունները համարվել են կատարված:
Նշենք, որ Սոցիալական ապահովության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կենտրոնին ներկայացված հաշվետվությամբ՝ «Արթ բիլդ» ՍՊ ընկերությունը 2003-2005 թվականների ընթացքում ունեցել է ընդհանուր 37 աշխատակից, մինչդեռ «Կապուտակ Սևան» առողջարան» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման համար նշված ընկերությունն առաջարկել էր 2003 թվականին ստեղծել 48 աշխատատեղ, 2004 թվականին՝ 60 աշխատատեղ, իսկ 2005 թվականին՝ 76 աշխատատեղ: Արդյունքում՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները կատարված չլինելու պայմաններում՝ գույքի նկատմամբ գրանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված իրավաբանական ընկերության իրավունքը:
2005 թվականի սեպտեմբերի 15-ին Հ.Ո.-ն «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը նվիրել է մորը՝ Գ.Ո.-ին՝ «Այգեձոր» ՍՊ ընկերության համահիմնադրին:
Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, ինչպես նաև գործարքին Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անմիջական մասնակցությունը քողարկելու նպատակով՝ իրավասու պետական մարմնի կողմից գործարք է կնքվել Ռ.Ք.-ի և Ս.Ք.-ի հետ փոխկապակցված՝ «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության հետ, որից հետո՝ 2010 թվականի հունվարի 15-ին, Գ.Ո.-ի և Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի միջև կնքվել է բաժնեմասերի օտարման ձևական պայմանագիր, որով «Արթ Բիլդ» ՍՊ ընկերության 50% բաժնեմասը գրանցվել է Ս.Ք.-ի անվամբ։
1998-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ն, նպատակ ունենալով իր որդու անվամբ ձեռք բերել օտարման ոչ ենթակա՝ «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա առկա 1705 քմ մակերեսով շինությունը, ապահովել է, որ իր ենթակայությամբ գործող պաշտոնատար անձինք պատրաստեն Կառավարության որոշման նախագիծ, որով նշված գույքն ուղղակի վաճառքով, անհամաչափ հատուցմամբ՝ 12 միլիոն 267 հազար դրամով, օտարվել է Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի հետ փոխկապակցված «Կինետիկ» ՍՊ ընկերությանը:
Այսպես.
Ռ.Ք.-ն 2004 թվականի դեկտեմբերի 18-ին վավերացրել է Կառավարության վերոնշյալ որոշումը:
2005 թվականի հունվարի 24-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ի և «Կինետիկ» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Ս.-ի միջև կնքվել է պետական գույքի օտարման պայմանագիր:
2005 թվականի փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետ Եր.Զ.-ի և «Կինետիկ» ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Կինետիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ փոխանցվել է Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքը: 2006 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս.Դ.-ն «Կինետիկ» ՍՊ ընկերությանը հայտնել է, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքից 26978 քմ մակերեսով հողատարածքն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և կարող է օտարվել, իսկ 2055 քմ մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ենթակա չէ օտարման: 2006 թվականի հունիսի 28-ին գրանցվել է «Կինետիկ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող 29033 քմ մակերեսով հողատարածքից 26978 քմ-ի նկատմամբ՝ պայմանով, որ հողի կադաստրային արժեքը ենթակա է վճարման:
2006 թվականի հուլիսի 28-ին բանկի և «Հերմես» ՍՊ ընկերության միջև կնքվել է գլխավոր վարկային պայմանագիր և «Հերմես» ՍՊ ընկերությանը տրամադրվել է 420 միլիոն դրամ վարկ, իսկ որպես վարկային պարտավորությունների երաշխիք՝ բանկում գրավադրվել է «Կինետիկ» ՍՊ ընկերությանը պատկանող՝ 1 միլիարդ 100 միլիոն գնահատված Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գտնվող գույքը:
Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը և գործարքին Ռ.Ք.-ի որդու՝ Ս.Ք.-ի անմիջական մասնակցությունը քողարկելու նպատակով՝ իրավասու պետական մարմնի կողմից գործարք է կնքվել Ռ.Ք.-ի և Ս.Ք.-ի հետ փոխկապակցված «Կինետիկ» ՍՊ ընկերության հետ, որի արդյունքում կատարվել է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում, ինչից հետո Ս.Ք.-ն հանդես է եկել որպես նշված կազմակերպության իրական շահառու, իսկ 2009 թվականի հուլիսի 16-ին «Կինետիկ» ՍՊ ընկերության 50% բաժնեմասը գրանցվել է Ս.Ք.-ի կողմից հիմնադրված «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերության անվամբ:
1998-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ.Ք.-ն, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու նպատակով, համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում Ռ.Ք.-ից ծառայողական կախվածության մեջ գտնվող մի շարք պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 20 (ներկայում՝ Վ.Սարգսյան 10) հասցեում գտնվող՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացած «Սպայի տուն» շենքի զբաղեցրած տարածքը և Երևան քաղաքի Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով, օտարվել է «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությանը:
Այսպես.
2007 թվականի հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը հողամասի առուվաճառքի պայմանագրով, խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ նախատեսված պահանջները, Երևան քաղաքի Նալբանդյան 16 հասցեում և Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող հողամասերն օտարել է «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությանը:
Արդյունքում՝ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց իշխանական լիազորությունները ծառայողական շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության պահանջները, ապօրինի կերպով տվել են հուշարձան-շենքը քանդելու թույլտվություն, այնուհետև պատմամշակութային հուշարձանի՝ նախկինում զբաղեցրած Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 20 հասցեում գտնվող հողատարածքը և Նալբանդյան 16 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը դուրս են բերել ՀՀ սեփականության ֆոնդից և ներառել «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերության ֆոնդ, ինչի դիմաց նշված ընկերությունը, նշված հասցեում իրականացված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, փաստացի Ռ.Ք.-ին է փոխանցել նշված շենքում գտնվող 56 անշարժ գույք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար 832 դրամ:
Հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելիությունը քողարկելու, գույքի ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով՝ «Պիացցա Գրանդե» ՍՊ ընկերությունից անշարժ գույքի ձեռքբերումը կատարվել է ձևական գործարքների միջոցով, որոնց կողմ են հանդիսացել Ռ.Ք.-ի անդամներն ու նրանց հետ փոխկապակցված իրավաբանական անձինք: Որպես անշարժ գույքի գին նշվել է 2 միլիարդ 90 միլիոն 940 հազար դրամը, այն դեպքում, երբ գործարքների կնքման պահին գույքի շուկայական արժեքը ավելի քան 542 միլիոն 994 հազար 654 դրամով գերազանցել է պայմանագրերում նշված գույքի արժեքը։
Ռ.Ք.-ն, 1998-2008 թվականների ընթացքում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, կաշառք տվողի օգտին պաշտոնեական դիրքն օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք. որդու՝ Ս.Ք.-ի անվամբ է ձևակերպվել առևտրային կազմակերպության 30 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:
Այսպես.
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: