ԱՄՆ-ն ընդլայնում է պատժամիջոցներն Իրանի դեմ․ Սքոթ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն էապես խստացնում է տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում աշխարհի տարբեր երկրներում գործող ավելի քան 60 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների և նավերի դեմ։



Բեսենթի ընդգծմամբ՝ Իրանին աջակցող ցանկացած պետություն կամ ընկերություն պետք է պատրաստ լինի ամերիկյան պատժամիջոցներին։



«Մենք մտադիր ենք արգելափակել Թեհրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները»,- նշել է նա։



Ֆինանսների նախարարը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է անցկացնում համաշխարհային առաջնորդների հետ՝ հորդորելով դադարեցնել Իրանի հետ ցանկացած տնտեսական փոխգործակցություն։



Բեսենթի խոսքով՝ այն երկրներն ու ընկերությունները, որոնք կշարունակեն առևտրային գործարքներն Իրանի հետ, պետք է հաշվի առնեն ԱՄՆ ֆինանսական համակարգից, այդ թվում՝ դոլարային շրջանառությունից զրկվելու ռիսկերը։



«Այս տնտեսական ճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի իշխանությունները չեն հայտնվի լիակատար մեկուսացման մեջ»,- եզրափակել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։