Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Юнашев Live» Telegram-յան ալիքի հետ զրույցում նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է Հայաստանի հետ կառուցողական քննարկումներ սկսել բուսասանիտարական վերահսկողության շուրջ։
«Խոսքը բուսասանիտարական պահանջների պահպանման մասին է, և մենք, անշուշտ, բաց ենք նման կառուցողական երկխոսության համար։ Ցավոք, արձանագրում ենք, որ հայկական կողմում դեռևս առկա են որոշակի խնդիրներ, որոնց շուրջ այժմ բանակցություններ են ընթանում»,- ընդգծել է նա։
Փոխվարչապետը նաև հիշեցրել է, որ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր Հայաստանից ներմուծվող մրգերի ու բանջարեղենի հետ կապված հարցը։ Օվերչուկի պարզաբանմամբ՝ խնդիրը արտադրանքի անորակ լինելու մեջ չէ, այլ դրանում առկա վնասատուների և հիվանդությունների։