«Եթե անդամակցությունն այլևս պետք չէ, Հայաստանն ազատ է դուրս գալու ՀԱՊԿ-ից». Պեսկով

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցելուն, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դրանից դուրս գալու»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ինքը գոհ կլիներ, եթե Հայաստանին հեռացնեին ՀԱՊԿ-ից: Պեսկովը նկատել է, որ Հայաստանը կարող է լքել կառույցը, եթե դրա անդամակցությունն իրեն այլևս անհրաժեշտ չէ:



Նա անդրադարձել է նաև Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու Երևանի մտադրությանը: Նրա խոսքով՝ այդ քայլից հետո Հայաստանը ԵԱՏՄ-ում կբախվի խոր հակասությունների, որոնք առաջին հերթին վնաս կհասցնեն հենց երկրին: Պեսկովն պարզաբանել է, որ Երևանը ստիպված կլինի տարբեր ոլորտների իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին, մինչդեռ դրանք հակասում են ԵԱՏՄ-ում գործող նորմերին ու կանոնակարգերին: