Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է և կշարունակվի. Օվերչուկ

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նրա խոսքով՝ 2024 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ 2025 թվականին այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլար, իսկ 2026 թվականին, ըստ Օվերչուկի, գրանցվել է շուրջ երկու երրորդի չափով անկում։


«Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության նվազման ռիսկը»,– նշել է Օվերչուկը։


Նա առևտրաշրջանառության անկումը կապել է Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակի հետ՝ ընդգծելով, որ Մոսկվան նախկինում ևս զգուշացրել էր նման զարգացման հնարավորության մասին։