Ընդդիմության նման հարցապնդումը ցինիզմի դրսևորում էր

«Սպասում էինք, որ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի ժամանակ ընդդիմությունն ավելի բիրտ դիրքորոշում կորդեգրի, ավելի սուր, կտրուկ գործողությունների կդիմի, բայց ԱԺ այս նստաշրջանի մեկնարկն ավելի հանդարտ էր, մեղմ ու գուցե ավելի կառուցողական»,- ամփոփելով նորընտիր ԱԺ-ի խորհրդարանական աշխատանքի երկու օրերը՝ Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ  Լևոն Լևոնյանը։ «Ի տարբերություն «Ուժեղ Հայաստան»  խմբակցության՝ «Հայաստան» խմբակցությունը, կարծեք, ոչ կառուցողական է տրամադրված, ինչի  ապացույցը ԱԺ նախագահի ընտրությունը  բոյկոտելն ու չմասնակցելն էր»,-ընդգծեց Լևոն  Լևոնյանը։ Նկատեցինք, որ  ընդդիմությունն իր որոշ պատգամավորների շուրթերով հայտարարել է, թե չի հրաժարվելու իր հիմնական՝ իշխանափոխության օրակարգից։ Այս համատեքստում, հետևապես, խորհրդարանական օպոզիցիան որքա՞ն ժամանակ ի վիճակի կլինի մնալ կառուցողականության շրջանակներում։ Ի պատասխան ԱԺ նորընտիր պատգամավորն արձագանքեց «Ընդդիմությունը պետք է հաշտվի նստի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների հետ։ Ժողովուրդն իր համապատասխան քվեով է ձևավորել մանդատները,  և ընդիդմությունն էլ ըստ իր ստացած մանդատի պետք է իրացնի իր լիազորությունները օրենսդրական աշխատանքում և իր ունեցած մանդատի չափով փորձի լավարկել օրենսդրական դաշտը»։


Անդրադարձանք կառավարող ուժի հասցեին հնչած քննադատությանը՝ ինչո՞ւ Գարեգին Բ-ն չէր հրավիրվել ԱԺ անդրանիկ նիստին և, փաստորեն, նորընտիր ԱԺ-ն զրկվեց վերջինիս օրհնությունը ստանալուց։ Ընդդիմադիր երկու խմբակցություննները, մինչդեռ, երեկ այցելեցին Մայր Աթոռ և ստացան Գարեգին Բ-ի օրհնությունը։ Կառավարող ուժը դիսկոմֆորտ չի՞ զգում, որ առանց հայրապետական մաղթանքի է աշխատելու նորընտիր ԱԺ-ում։ Ի պատասխան՝ Լևոն Լևոնյանը նշեց «Նախևառաջ պատգամավորները մանդատը ստանում են ժողովրդի կողմից և մանդատը ժողովրդի պատվիրակումն է։ Ես կգերադասեի օրհնություն ստանալ Հայր Միքայելից՝ Տաթևի վանքում։ Եթե ժամանակս ների՝ մեծ հաճույքով կայցելեմ Տաթևի վանական համալիր և կստանամ իր օրհնությունը»։


Մեր զրուցակիցը «ցինիզմի դրսևորում» որակեց ԱԺ նախկին փոխնախագահ, ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայում ուսանելու վերաբերյալ որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմից հարցապնդումներ ներկայացնելը՝ թուրքերի հետ առնչվելը, շփվելը հրամցնելով որպես արգահատելի, դատապարտելի  երևույթ։ «Երբ մարդ մեկնում է այլ երկիր, այդ երկրի տիտղոսային ազգությանը պետք է նաև տեսնի, շփվի։ Պարոն Ռուբինյանն էլ, բնականաբար, այդտեղ գտնվելու հանգամանքի բերումով առնչվել է թուրքերին, ինչը բնական է։ Ինչ վերաբերում է ծեծված՝ «թուրք-ադրբեջանական նարատիվներին, ապա դրանց շահարկումը լավ տեղ չի տանում վառ ապացույցը «Հայաստան» դաշինքն է, որը նախորդ ԱԺ-ում ավելի մեծ ներկայացվածություն ուներ, իսկ այժմ էապես համեստ»։


Լևոն Լևոնյանի հետ զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։  

  Հեղինե Մանուկյան