Իսպանիային սպառնում են դուրս թողնել Շենգենից. Վիեննան, Հռոմն ու Հելսինկին կոշտ պահանջներ են դնում

Վիեննան կարող է ժամանակավորապես կասեցնել Շենգենյան վիզաների գործողությունը Իսպանիայում միգրացիոն իրավիճակի վատթարացման դեպքում:


Այս մասին Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերը գրել է X սոցիալական ցանցում:


Շտոկերի խոսքով՝ Իսպանիայում տեղի ունեցող իրադարձությունները տագնապալի ազդանշան են, իսկ Ավստրիան ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրոպական հանձնակատար Մագնուս Բրունների, Եվրոպայի հարցերով նախարար Կլաուդիա Բաուերի և Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Գերհարդ Կարների հետ:


Կանցլերն ընդգծել է, որ Իսպանիան պետք է կատարի Եվրոպական միության առջև ստանձնած իր պարտավորությունները և թույլ չտա անօրինական միգրանտների մուտքը ԵՄ տարածք:


Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարության որոշումը՝ կացության կարգավիճակ տրամադրել հազարավոր անօրինական միգրանտների, լրացուցիչ խթան է դարձել անօրինականների ներհոսքի համար:


Շտոկերը նշել է, որ Ավստրիան կողմ է Ապաստանի և միգրացիայի եվրոպական պակտի շուտափույթ իրականացմանը:


«Եթե Իսպանիայում իրավիճակը զարգանա այնպես, որ ճնշում գործադրի մեր ազգային սահմանների վրա, մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրանք պաշտպանելու համար: Դա կարող է ներառել Շենգենյան գոտու սահմանների ժամանակավոր փակումը, եթե դրա կարիքը լինի»,- գրել է նա:


Նշենք, որ Ֆինլանդիան, Իտալիայից հետո, նույնպես հանդես է եկել Մարոկկոյից անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով Իսպանիային Շենգենյան գոտուց հեռացնելու առաջարկով: