Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային լրացուցիչ 3.47 միլիարդ եվրո է փոխանցել՝ որպես Ուկրաինայի աջակցության վարկային ծրագրի 90 միլիարդ եվրոյի պաշտպանական բաղադրիչի մաս։
Ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողովը, ֆինանսավորումը կօգտագործվի լրացուցիչ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի (այդ թվում՝ հեռահար), ինչպես նաև Gripen կործանիչների ձեռքբերման համար:
Նոր տրանշը ներառում է նաև ԱԹՍ-ների գնման ծրագրի ֆինանսավորման հերթական փուլը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր փաթեթը կօգնի ամրապնդել ուկրաինական օդային տարածքի պաշտպանությունը և միաժամանակ կխորացնի ԵՄ-ի ու Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունների միջև համագործակցությունը՝ դա անվանելով ձևավորվող Drone Deal նախաձեռնության մաս:
Եվրոպական հանձնաժողովում նշել են, որ առաջիկա շաբաթներին սպասվում են նոր որոշումներ՝ ԱԹՍ-ների, ռազմամթերքի, ՀՕՊ-ի և հրթիռների գնման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
Սա արդեն չորրորդ տրանշն է Ukraine Support Loan աջակցության ծրագրի շրջանակներում. հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովը հատկացրել էր 3,2 մլրդ եվրո՝ մակրոֆինանսական աջակցության (MFA) ծրագրով, հունիսի 30-ին պաշտպանական ուղղության շրջանակներում Ուկրաինային փոխանցվել էր 3,9 մլրդ եվրո, իսկ հուլիսի 15-ին՝ 1,1 մլրդ եվրո:
Ընդհանուր առմամբ, 2026 թվականին ծրագրի շրջանակներում ուկրաինական պաշտպանական արդյունաբերության աջակցությանը նախատեսվում է ուղղել 28,3 մլրդ եվրո: