Սաուդյան Արաբիան պատերազմի մեջ է մտել Իրանի հետ. The New York Times

Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտ պատերազմի մեջ է մտել Իրանի հետ՝ միանալով Իրաքում շիական խմբավորումներին ուղված ամերիկյան հարվածներին: Ինչպես հայտնում են The New York Times-ը և BBC-ն, սրանից առաջ Իրանը հրթիռներ էր արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչից հետո Վաշինգտոնն ու Ալ-Ռիադը համատեղ հարված են հասցրել Իրանի հետ կապված կազմավորումներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել է Հորմուզի նեղուցում երեք նավթատար տանկերների վրա հարձակման մասին:


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հարվածները հասցվել են ԻՀՊԿ-ի հետ կապված կազմավորումներին, որոնք, ինչպես պնդում է Վաշինգտոնը, հարձակումներ էին պատրաստում ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա: CENTCOM-ում հայտարարել են, որ գործողությունը պատասխան է դարձել վերջին 72 ժամում անօդաչու թռչող սարքերի ավելի քան 30 հարձակումներին: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ում մեջբերում է The New York Times-ը, ոչնչացվել է շուրջ 20 իրանցի զինվորական և տեխնիկական խորհրդական:


Իրաքի Ժողովրդական զորահավաքի ուժերը (PMF), հաստատել են իրենց ռազմաբազաներին հասցված հարվածները և հայտնել առնվազն 20 մարտիկների զոհվելու մասին: Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին ամերիկա-սաուդյան համատեղ գործողությունն անվանել է «անընդունելի ագրեսիա»: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին հայտարարել է, որ հարվածները համաձայնեցված են եղել իրաքյան կառավարության հետ:


Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները Իրաքի տարածքից անօդաչու թռչող սարքեր են արձակել թագավորության նավթային օբյեկտների ուղղությամբ: Նրա խոսքով՝ Ալ-Ռիադը պատասխան հարվածներ է հասցրել՝ «իրացնելով ինքնապաշտպանության իրավունքը»: Ընդ որում, պաշտոնյան ընդգծել է, որ Թագավորությունը չի ձգտում էսկալացիայի:


Իրանը դատապարտել է ամերիկա-սաուդյան հարվածները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում և Մերձավոր Արևելքում պատերազմն ընդլայնելու ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմավարության մաս: Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Brent տեսակի նավթի գինն թանկացել է շուրջ 5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 88,5 դոլարի, Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումների մտավախությունների պատճառով: