Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին. Խուդաթյան

Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։


Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։


Նախարարի փոխանցմամբ՝ երկուստեք շահավետ այս գործարքն ընդլայնելու շուրջ հայկական և իրանական կողմերը բանավոր համաձայնություն են ձեռք բերել, մնացած հարցերի լուծումն արդեն առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբերի տիրույթում է։


«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։


Անցած շաբաթվա վերջին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է, որ Թեհրանը Երևանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։ Դավիթ Խուդաթյանը, մինչդեռ, չի ցանկացել նշել՝ Թեհրանը, թե՞ Երևանն է առաջարկել մեծացնել իրանական գազի արտահանման ծավալները, միայն ընդգծեց, թե հետաքրքրությունը երկուստեք է:


«Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտել է նախարարը։


Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազատարը տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունի, սակայն այն տարիներ շարունակ օգտագործում է իր կարողության չնչին տոկոսը։ Անցած տարի Իրանից Հայաստան է արտահանվել ընդամենը 480 խորանարդ մետր գազ։ Հայաստանը տարիներ շարունակ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում Իրանից ստացած գազը վերածում է էլեկտրաէներգիայի և փոխանցում Թեհրանին, այսինքն՝ հայաստանցի սպառողներին այդ գազը չի հասնում։ Ինչպես նախարարն է նշում՝ փոխշահավետ այս գործարքի ծավալները մեծացնելու, ավելի շատ գազ ստանալու ու ավելի մեծ քանակությամբ հոսանք Իրան արտահանելու համար, սակայն անհրաժեշտ է, որ վերջապես ավարտին հասցվի Իրան-Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցումը, որը գրեթե 10 տարի է չի ավարտվում։


Նախարարը հույս է հայտնել, որ երկարատև ձգձգումներից հետո մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։


«Նոր՝ 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման արդյունքում, որը մենք պլանավորում ենք արդեն այս տարվա վերջին ավարտել, առնվազն այդպիսի հավաստիացումներ ունենք և՛ կապալառու ընկերության կողմից, և՛ Իրանի մեր պաշտոնյա գործընկերների կողմից, որ իրենք հետևողականորեն կլինեն այս գիծը ժամանակին, այսինքն՝ տարեվերջին ավարտելու ուղղությամբ, որովհետև ժամանակային գրաֆիկից նախորդ տարիներին բավական շեղումներ արդեն ունեցել ենք։ Ինչի արդյունքում, այո, քննարկել ենք այն հնարավորությունը, որ Հայաստանը ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանի Իրանի Իսլամական Հանրապետություն, փոխարենը ավելի մեծ ծավալով գազ ստանա նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: