Մոսկվան փորձում է հայ ժողովրդին հանել իշխանությունների դեմ․ կանխելու համար պետք է անել 2 բան․ Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցել ենք ՌԴ-ի կողմից Հայաստանի ապրանքների նկատմամբ սահմանափակումների, վարչապետի հեռախոսազրույցների և ներքաղաքական իրավիճակի մասին։

 

Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

 

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ռուսական կողմի մամուլի հաղորդագրության մեջ նշված էր Ռուսաստանի արձագանքը վարչապետի այդ կոչին, ինչը նշանակում է, որ իրավապայմանագրային հիմքը հայ-ռուսական հարաբերություններում վաղուց արդեն չի աշխատում և դրա աշխատե- չաշխատելն ուղղակի դարձել է մեկ մարդու քմահաճույքի տիրույթում գտնվող ինչ-որ մի բան։

 

«Իսկ դա նշանակում է, որ խնդիր պետք է դրվի այդ դաշտից դուրս գալու։ Բնականաբար, այնպես չէ, որ մենք ուղղակի դեկլարատիվ ենք անդամակցել էդ ամեն ինչին, հազարավոր թելերով մեզ կապել են և միայն մտադրությունների դեկլարացիայով դուրս գալ այդ բեռի տակից հնարավոր չի լինի, այստեղ պետք է շատ հստակ քաղաքական և վարչարարական, նաև օրենսդրական ալգորիթմ մշակվի և վերջ տանք էս կախվածությանը։ Ես իրատեսական համարում եմ, որ դա կարող է տևել մինչև երկու տարի, բայց հետևողականորեն պետք է աշխատել, եթե ամեն ինչ ընթանա առանց ֆորսմաժորների, բայց մենք տեսնում ենք, որ ֆորսմաժորների հավանականութունն էապես մեծացել է՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից վարվող պատերազմի դինամիկայի հետ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

 

 Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցում ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

 

Այս առնչությամբ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ սա փաստորեն վերջին քայլն է անդամակցության ճանապարհին, որը Հայաստանը պետք է անի, իսկ Պուտինն առաջարկում է սայլը կապել ձիու դեմից և անել հիմա։

 

«Դե կներեք, մենք Պուտինի համար «Yandex Eats»-ի ծառայություն չենք, որ իրա համար առաքում կազմակերպենք ըստ պատվերի»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան