ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի նոր առաջնորդն ավելի հակված է միջուկային զենք ստեղծելուն․ NYT

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին զգալիորեն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում միջուկային զենք ստեղծելու հարցում, քան իր հայրը։


Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հետախուզական գնահատականներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին։


Պարբերականի տվյալներով՝ Մոջթաբա Խամենեիի հայրը, ով զոհվել էր պատերազմի սկզբում ամերիկյան հետախուզության աջակցությամբ հասցված իսրայելական հարվածի հետևանքով, երբեք հրապարակավ կոչ չէր արել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծել։ Սակայն, ինչպես պնդում են աղբյուրները, ներկայիս գերագույն առաջնորդն ու իշխանության եկած ավելի պահպանողական կառավարությունն ունեն նման հավակնություններ։


Թերթը նշում է, որ ամերիկյան հետախուզությունը նաև հանգել է այն եզրակացության, որ Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգների մի մասը տեղափոխել է անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ի հարվածներին ենթարկված օբյեկտներից դեպի երկրի կենտրոնական հատվածում գտնվող Փիքաքս լեռան լավ ամրացված նոր ստորգետնյա համալիր։ Աղբյուրների տվյալներով՝ օբյեկտի շրջանը լրացուցիչ հսկվում է ցամաքային զորքերի կողմից՝ հնարավոր ցամաքային գործողությունը կանխելու համար։


Ամերիկացի պաշտոնական անձանց գնահատմամբ՝ այս գործողությունները վկայում են ուրանի հարստացման կարողությունները պահպանելու՝ Թեհրանի մտադրության մասին։ Աղբյուրները նաև պնդում են, որ հնարավոր միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, ներառյալ բարձր հարստացված ուրանի պաշարները, մնում են անձեռնմխելի և հասանելի են իրանական իշխանություններին։