Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։



shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։



Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։


Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։