Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի, 7 պացիենտ շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։


«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պետք է ներկայացնի վերջնական հետազոտությունների արդյունքները։ Գիշերվա ընթացքում գրանցվել է 14 կանչ, որոնցից մեկը՝ Նուռնուսից, երկուսը՝ Արզնի գյուղից, մնացածը՝ Բյուրեղավանից։ Առավոտյան ժամը 09:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ախտանշաններով շտապօգնության ևս 4 կանչ է գրանցվել։ Ահազանգողներից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Այս պահին Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ երեկ ԲԿ տեղափոխված 7 քաղաքացի»,- ասաց Կարապետյանը։


Նա տեղեկացրեց, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից դեպքի առնչությամբ մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել, ջրի նմուշառման փորձաքննության արդյունքները չեն ներկայացրել։


Հուլիսի 17-ի վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ շտապօգնության ծառայությունը Բյուրեղավան համայնքից գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, այդ պահին դրանցից որոնցից 6-ն ավարտվել էր հոսպիտալացմամբ։