Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Վերջերս կիսահաղորդչային նախագծման հսկաներից՝ Cadence Design Systems ընկերության կողմից Ausdia Inc. ընկերության ձեռքբերման արդյունքում այժմ Cadence-ն ինժեներական թիմ ունի Հայաստանում։ Սա միանշանակ ամրապնդում է մեր երկրի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։
Այսօր Հայաստանում գործում են միկրոէլեկտրոնիկայի բնագավառում աշխարհի առաջատար ընկերությունների ինժեներական թիմեր և ստորաբաժանումներ, այդ թվում՝ Synopsys, Siemens EDA, Cadence Design Systems, NVIDIA, AMD, Microchip Technology, National Instruments (Emerson), Broadcom և Cisco։
Միևնույն ժամանակ, հայկական նորարարական ընկերությունները՝ Grovf, Integral Solutions, Varaga Solutions LLC և այլ ընկերություններն իրենց ներդրումն են ունենում էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդլայնելով տեղական տեխնոլոգիական կարողությունները և ստեղծելով նոր հնարավորություններ նորարարության ու ձեռներեցության համար։
3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար ընկերությունների բացառիկ կենտրոնացում է։
Յուրաքանչյուր նոր ներդրում ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հայ ինժեներների համար, այլև վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային տեխնոլոգիական ընկերությունների աճող վստահության մասին։
Շնորհավորում եմ Ausdia Inc.-ի թիմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի էկոհամակարգի շարունակական զարգացման գործում։
Վստահ եմ, որ այս հաջողությունները շարունակական են լինելու, և Հայաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքը՝ որպես բարձր տեխնոլոգիաների և կիսահաղորդչային արդյունաբերության կարևոր կենտրոն»,- գրել է նա։