Եվրոպական հանձնաժողովն այս աշնանը կներկայացնի առաջարկներ՝ Եվրոպական միությունը նոր ընդլայնմանը նախապատրաստելու վերաբերյալ, քանի որ գործող կանոնները մեծ մասամբ չեն փոխվել ավելի քան 40 տարի՝ չնայած Եվրոպայում իրավիճակի կտրուկ փոփոխություններին։
Այս մասին Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի լիագումար նիստում հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը Եվրոպայում էապես տարբերվում է այն իրավիճակից, որը ձևավորվել էր 2004 թվականին ԵՄ-ի մասշտաբային ընդլայնումից հետո։
«Մենք մինչ օրս օգտագործում ենք մի մեթոդաբանություն, որը գրեթե չի փոխվել Իսպանիայի և Պորտուգալիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ժամանակներից ի վեր, այնինչ այսօրվա աշխարհն արդեն լիովին այլ է»,- ասել է Կոսը։
Նրա խոսքով՝ աշնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի սեփական առաջարկները, թե ինչպես նախապատրաստել Եվրոպական միությունը նոր պետությունների ընդունմանը։ Դրանք ներառելու են տեխնիկական գնահատական այն մասին, թե ինչպես ընդլայնումը կազդի ԵՄ աշխատանքի և նրա քաղաքականության առանցքային ուղղությունների վրա, ինչպես նաև առաջարկներ՝ միության առանձին մեխանիզմների և կառուցվածքների փոփոխման վերաբերյալ։
Բացի այդ, հանձնաժողովը կներկայացնի իր գաղափարները թեկնածու երկրների փուլային ինտեգրման վերաբերյալ, ներառյալ նրանց՝ անդամակցության առանձին առավելություններից, այդ թվում՝ միասնական շուկայից օգտվելու հնարավորություն տրամադրելը դեռևս մինչև ԵՄ-ին պաշտոնական անդամակցումը։
Կոսի խոսքով՝ նման մոտեցումը կօգնի արագացնել թեկնածուների մերձեցումը Եվրոպական միությանը և ապագա ընդլայնումն ավելի քիչ ցավոտ դարձնել եվրոպական տնտեսության համար։
Բացի այդ, նա հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կշարադրի իր առաջարկները Չեռնոգորիայի անդամակցության պայմանագրի վերաբերյալ, ներառյալ երաշխիքների համակարգը, որը, ինչպես ակնկալվում է, օրինակ կդառնա մյուս թեկնածուների հետ հետագա բանակցությունների համար։
Ինչպես հայտնի է, Չեռնոգորիան առաջատար է եվրոատլանտյան ինտեգրման գործընթացում։ Ակնկալվում է, որ երկիրը կավարտի ԵՄ-ին անդամակցության շուրջ բոլոր բանակցությունները մինչև այս տարվա վերջ և կկարողանա դառնալ Եվրոպական միության 28-րդ անդամը 2028 թվականին։