ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։


ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։


Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։


Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։


Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով (էլփոստ՝ Asilyan_MS@ena.am) ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։


Սահմանված ժամկետի ավարտից հետո ՀԷՑ-ը կանցնի գնման հետագա գործընթացների կազմակերպմանը։