ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումները կարող են տարածվել ավելի ընդարձակ տարածքի վրա։ Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«[Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս] Արաղչին զանգահարեց, և մենք հեռախոսով քննարկեցինք այս թեման»,- հայտնել է Հ. Ֆիդանը՝ նշելով, որ Հորմուզի նեղուցում լարվածությունը կրկին սրվել է նավերի վրա Իրանի հարձակումից հետո։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Իրանին հասցված ԱՄՆ պատասխան հարվածներից հետո կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Հորմուզի կառավարման հարցում։
«Նեղուցով անցման կարգավորումը պետք է իրականացվի ընդհանուր համաձայնության հիման վրա։ Արաղչին կհանդիպի իր օմանցի գործընկերոջ հետ, քանի որ եթե մի կողմում Իրանն է, մյուս կողմում՝ Օմանը։ Իրանն ունի իրավունքներ միջազգային ջրերում՝ 12 մղոն (19 կմ)։ Օմանյան կողմը նույնպես ունի իր գոտին, իսկ դրանց միջև մնում է ևս մեկ տարածք՝ մոտ 20 մղոն (32 կմ)։ Այժմ ես չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել այն մասին, թե ինչպես է օգտագործվելու այս կամ այն գոտին»,- ասել է Հ. Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ եթե կողմերը չունենան ընդհանուր տեսլական, Հորմուզի նեղուցի ճակատագիրը կարող է երկար ժամանակ անորոշ մնալ։