ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կարող է պահպանվել՝ չնայած Թրամփի հայտարարություններին․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ռեժիմը կարող է պահպանվել՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե զինադադարն ավարտվել է։


Այս մասին Ֆիդանը հայտարարել է The National-ին տված հարցազրույցում՝ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։


Ֆիդանը Իրանի վերջին գործողություններըաներ անվանել է պատասխան ռեակցիա և տեսակետ հայտնել, որ տեղի ունեցածը կողմերի միջև առկա թյուրիմացության հետևանք է։


«Կարծում եմ՝ տեղի է ունեցել հաղորդակցության պակաս և թյուրիմացություն այն հարցում, թե ինչպես պետք է իրագործվեն պայմանավորվածությունները»,- ասել է նա։


ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցից հետո ինքն ավելի խորն է հասկացել խնդրի արմատը։ Ֆիդանն ընդգծել է, որ միակ լուծումը մնում է էսկալացիայի նվազեցումը (դեէսկալացիան)։


«Երկու կողմերն էլ անկեղծորեն ցանկանում են պահպանել հրադադարի ռեժիմը և շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր։ Այնուամենայնիվ, թյուրիմացությունների, սադրանքների կամ պատասխան գործողությունների պատճառով միջադեպերի ռիսկ միշտ էլ գոյություն ունի, ուստի անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել»,- նշել է նախարարը։


Մեկնաբանելով Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը» կարևոր դեր է խաղացել մարտական գործողությունների դադարեցման գործում, սակայն դեռևս չի կատարել բոլոր խոստումները, հատկապես մարդասիրական օգնության տրամադրման, բնակչությանը կացարանով և դեղորայքով ապահովելու մասով։


Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիան ունի ունիկալ դիրք տարածաշրջանային հակամարտություններում միջնորդություն անելու համար՝ շնորհիվ իր պատմական կապերի։


«Մենք ճանաչում ենք բոլորին, գիտենք յուրաքանչյուր հակամարտության դինամիկան։ Ուստի, կարծում եմ, մենք ամենալավն ենք հասկանում տեղի ունեցածը և այն, թե ինչպես օգնել կանգնեցնել հակամարտությունները»,- նշել է նա։


Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից։


Այս կապակցությամբ Ֆիդանը կողմ է արտահայտվել անվտանգության նոր համակարգի ստեղծմանը, որը երաշխավորելու է տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությունը, քաղաքական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։


Նա հայտնել է, որ ավելի վաղ Թուրքիան Պակիստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ ձևավորել է աշխատանքային խումբ, որի նպատակն է տարածաշրջանում խաղաղության վրա հիմնված նոր կարգի ստեղծումը։ Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, այս մեխանիզմը կոչված չէ փոխարինելու Արաբական պետությունների լիգային կամ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին, այլ պետք է գործի ավելի արագ. «Գոյություն ունեցող ֆորմալ կազմակերպությունների համար դժվար է արագ և մշտական որոշումներ կայացնել»։


Ֆիդանն ընդգծել է բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգման սկզբունքին վերադառնալու անհրաժեշտությունը։


«Եթե մենք հասնենք անվտանգության նոր ընկալման, որը երաշխավորում է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի անվտանգությունը, քաղաքական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա պետք է ցույց տա Իրանին՝ մենք կարող ենք վերադառնալ մեր սահմաններին»,- հայտարարել է նախարարը։


Նրա խոսքով՝ Իրանն ունակ է հաշվի առնել նոր իրողությունները, և ԱՄՆ-ի ու Իրանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման դեպքում կողմերը կկարողանան անցնել կառուցողական երկխոսության։