Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Թալին խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։


 

«Իմ սիրելի՛ ժողովուրդ,


 

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։


 

Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։ 


 

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին,  ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։ 

 


Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։


 

Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- ասվում է գրառման մեջ