Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Թեհրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները՝ ամերիկյան կողմից հնչող սպառնալիքների պատճառով:


Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս խախտումների պատճառով Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիր կնքելու բանակցությունները», - նշել է գործակալության աղբյուրը։


Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ագրեսիա կհանդիպի ավելի լայնածավալ և վճռական պատասխանի, քան նախկինում։


«Շարունակելով խախտել իր պարտավորությունները՝ ԱՄՆ-ն հարձակում սկսեց Իրանի հարավային կղզիների վրա։ Այս ագրեսիային ի պատասխան, որը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կոպիտ խախտում է, Իրանը լայնածավալ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ դիրքերին։ Իրանը խիստ նախազգուշացում է տվել, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա ռազմական գործողություն կհանդիպի ավելի վճռական, լայնածավալ և խիստ պատասխանի, քան նախկինում», - ասել է գործակալության զրուցակիցը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին լրագրողների հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։


«Մենք երեկ գիշերը շատ ուժեղ հարվածեցինք նրանց, շատ, շատ ուժեղ», - ասել է ԱՄՆ նախագահը։


Նա հավելել է, որ ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն այս երեկո ևս Իրանին ուժեղ հարված կհասցնի։


«Ես նրանց փոքրիկ նախազգուշացում տվեցի. մենք այսօր երեկոյան կրկին ուժեղ հարվածելու ենք նրանց», - ասել է Թրամփը։


Ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի՝ ի պատասխան օրերս Հորմուզի նեղուցում 3 նավի թիրախավորման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։


Այս հարվածների ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի, և որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ բանակցություններ վարել Թեհրանի հետ: