ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական նավթային և էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածները, չնայած իրենց էսկալացիոն բնույթին, կարող են մոտեցնել պատերազմի ավարտին։
Այս մասին նա ասել է Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած հեռահար հարվածների մասին հարցին։
Սկզբում Թրամփը հարցն ուղղել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ նշելով, որ նա անմիջականորեն ներգրավված է իրավիճակի քննարկման մեջ։
Ռուբիոն հայտարարել է, որ վերջին ամիսներին պատերազմում առանցքային փոփոխություններից մեկն այն է, որ Ռուսաստանի համար ավելի է բարդանում սեփական օդային տարածքի պաշտպանությունը։
«Մենք հույս ունենք, որ դա պայմաններ կստեղծի պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների համար»,- ասել է նա։
Թրամփն իր հերթին ընդգծել է, որ նման հարվածները կարող են նպաստել հակամարտության դադարեցմանը։
«Դա էսկալացիա է, բայց միևնույն ժամանակ էսկալացիա, որը կարող է օգնել հանգեցնել պատերազմի ավարտին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև կրկին ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը համարում է չափազանց բարդ։