Ծառուկյանի թասիբն այսօր պահում են ժամանակին նրան «բամփածները»

 2026-ի խորհրդարանական ընտրություններին Նոյ նահապետի  կարգավիճակով հանդես եկած, քաղաքական «տապան» հավաքած ու առաջնորդած Գագիկ Ծառուկյանը, ինչպես ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, չկարողացավ դիմակայել քաղաքական ահեղ ջրհեղեղին ու հանգրվանել Արարատի գագաթին՝ մտնել Ազգային ժողով։ Փոխարենը նախօրեին նրա առանձնատուն, թե՞ գերշքեղ «տապան» էին մտել իրավապահներն ու․․․ դուրս էին բերում իսկական Նոյի «տապանում» հանգրվանած ու նրա շնորհիվ մինչև մեր օրեր հասած որոշ կենդանիների դիակներ՝ խրտվիլակներ, ինչպես նաև ողջ, բայց քնեցված կենդանիներ՝ ապօրինի պահվող երեք առյուծ և մեկ վագր։ Տեսարանն, անշուշտ, զազրելի էր, զարզանդեցնող, հատկապես սատկած կամ սատկեցված 190 կենդանիների ու թռչունների դուրսբերման տեսարանը։ Բայց առաջարկում ենք մի պահ մոռանալ Ծառուկյան հետ նույնացվող ապաքաղաքական սուբյեկտներին՝ ֆաունայի ներկայացուցիչներին, առնչվող տեսարանն ու դառնալ այն տեսարանին, որը փորձում են ապահովել քաղաքակա՛ն սուբյեկտները։ Այն է՝  մեկ ամիս առաջ՝ հունիսի 7-ին, իրենց գլխավոր առաքելությունը ձախողած, «Գյումրի 2» անել՝ իշխանությունը վերցնել, չկարողացած ընդդիմադիրներին։ Եվ ուրեմն, ինչպես և սպասվում էր, 8 քաղաքական ուժ, այդ թվում՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և մի քանի մարդ-կուսակցություն, «Ուժեղ Հայաստան»-ն էլ՝  առանձին, դատապարտեցին Ծառուկյանի հետ տեղի ունեցածը։


Վճռականորեն դատապարտող համապատասխան «կոնդակը», ի դեպ, հրապարակվեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջում։  Մորմոքաշատ այդ տեքստում, նկատենք, մի քանի անգամ գործածվում է «բռնաճնշում» տերմինը, երևի ընթերցողի մոտ տպավորություն ստեղծելու, որ էն խեղճ  Ծառուկյանին նորից բռնել ու նորից ճնշում են։ Բայց սա դեռ ամենը չէ՝ սույն  տեքստին միացածները  Ծառուկյանի նկատմամբ իրականացնող իրավական գործընթացը որակում են որպես «քաղաքական գործունեության հետ կապված հետապնդում, աննախադեպ ռեպրեսիվ արշավ, որի նպատակը, ուշադրություն, ընդդիմությանը հետևողականորեն չեզոքացնելն ու փաստացի գլխատելն է, վախի մթնոլորտ ձևավորելը  «կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում»։   «Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական բռնաճնշումներ, այլ իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, քաղաքական բազմակարծություն և ազգային համախմբում։ Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից իրականացվող այս աննախադեպ ռեպրեսիվ (ռեպրեսիվ-այս բառը՝ երկու անգամ) արշավը չի կարող կոտրել կամ կանգնեցնել ընդդիմության և Հայաստանի հասարակության արդարության, ազատության, ժողովրդավարության և պետականության պահպանման համար մղվող պայքարը։ Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան»,- հոխորտացել են դատապարտիչները։  Ինչ ասենք, ապլադիսմենտիիի, դամի ու գոսպոդա, թաշկինակ  վ ստուդիու, պռոշու ծիգռովիյ թաշկինակ։


Ծառուկյանի «ֆան քլաբի» անդամները դարձած այս ուժերն ու ուժիկները, ինչպես երևում է, հետընտրական դեպրեսիայի հետևանքով կորցրել են իրականության զգացումը, նաև՝ հիշողությունը։ Մոռացել են, որ քաղաքական այլախոհներին լռեցնելու, ինչու չէ՝ փակելու, բռնաճնշումների ենթարկելու, վրեժխնդրության ավանդույթը հենց իրենց օրոք է ներդրվել։ Մոռացել են, թե ինչպես էին «թիվ մեկ»-ի թանին՝ թթու, ճանճին՝ քշա, էշին թշո ասածներին հրապարակավ փչացնում «բամփելու» և այլ իրավաքաղաքական պրոցեդուրաների միջոցով՝ հարկային և իրավապահ մարմիններին, ներողություն բառի համար, «քսի» տալով «բամփվածի» վրա։


 Ինչն է շշմեցուցիչը՝ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին տեքստին է միացել մի քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի լիդերը, հիշեցնենք, 2015-ին Ծառուկյանի նկատմամբ կիրառված «բամփիչ» գործողությունների ինիցիատորն էր։ Ծառուկյանի քաղաքական հեղինակությանը խփող այս պատմությանը նախկինում քանիցս անդրադարձել ենք։ Ուստի առիթն օգտագործելով հուշենք ԲՀԿ առաջնորդի թասիբը պահողներին՝ եթե վերջինիս նկատմամբ երբևէ իրականացվել են քաղաքական բռնաճնշումներ՝ բառիս ուղիղ իմաստով, ապա դա եղել է նախքան 2018-ի թավշյա հեղափոխությունը, ավելի կոնկրետ՝ 2015- ի բուրժուադեմոկրատական հեղափոխության օրերին։ Այդ ո՞վ էր, որ հղում անելով «օդում կախված չստուգված լուրերին»՝ ԲՀԿ առաջնորդին հրապարակավ մեղադրում էր չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մեջ։ Այդ ո՞վ էր, որ  հորդորում էր ՀՀ վարչապետին՝ Ծառուկյանի խնամի ու էնտուզիաստ բամփիչ Հովիկ Արգամիչին, հանձնարարել  պատկան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունն ու հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները։ Այդ ո՞վ էր, որ Ծառուկյանին էր վերագրում բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելը, ու Անվտանգության խորհրդի նիստ հրավիրում՝ իրավապահների հետ քննարկելու՝ ինչպես վարվել այդ հանցագործությունների մասին վկայող լուրերի հետ։ Շատ մի տանջվեք, այդ մարդու անունը Սերժ Սարգսյան է, որը, ո՜վ զավեշտ, այսօր «բռնաճնշում», «ընդդիմության գլխատում» է որակում իրավական գործընթացը մի մարդու նկատմամբ, որը 2015-ին   իր հետ տեղի ունեցած վերոհիշյալ պատուհասից հետո, ինչպես հարիր է քաղաքական դասական բռնաճնշվածին, փակեց քաղաքականության էջը, անցավ քաղաքական ընդհատակ ու «եթիմ» թողեց ԲՀԿ-ին։ Կուսակցություն, որի անդամներից շատերի նկատմամբ ևս իրականացվեցին հետապնդումներ։ Կուսակցություն, որն իր լիդերի հեռացումից հետո դարձի եկավ ու Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փոխարեն այլևս պաշտպանում էր նրա նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացը։  Ի դեպ, նույն Սերժ Սարգսյանը Ծառուկյանին չարիքացնելու օպերացիայի շրջանակներում մի հանճարեղ միտք ձևակերպեց՝ «ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև՝ զավեշտ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հավակնություններ ունի»։ Վերաձևակերպելով Սարգսյանի այս միտքը՝ թերևս արձանագրենք՝ ողբերգություն է, նաև՝զավեշտ, որ Հայաստանում քաղաքական հավակնություն ունեն ուժեր, որոնք բոլոր տվյալներն ունեն, այո, չարիք, մեկումեջ էլ՝ խրտվիլակ կոչվելու համար։


Հեղինե Մանուկյան