Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Աբովյան համայնքում գտնվող 916,6 քմ մակերեսով զբոսայգու հողամասի 2018 թվականի աճուրդն ու դրա հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը կվերադարձվի Աբովյան համայնքին։ 


«Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: 


Վճռով անվավեր է ճանաչվել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 916,6 քմ մակերեսով հողամասի 2018 թվականի մայիսի 18-ի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: 


Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի 916,6 քմ մակերեսով, շուրջ 80 միլիոն դրամ շուկայական արժեքով հողատարածքը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում։