Խորհրդարանական ընդդիմությունը վերջապես կայացրեց իր «դարակազմիկ» որոշումը՝ վերցնել թանկագին մանդատները, գնալ ԱԺ և աշխատել ժողովրդի կողմից իրեն տրված մանդատի «գյորա» (ներողություն բարբառային բառի համար), այն է՝ ընդդիմություն։
Այս «ցնցող» որոշումը, նկատենք, հաջորդեց
ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ընտրություններն ամփոփելու ԿԸՀ համապատասխան որոշումը՝ փաստորեն, մերժելով 6+1 քաղաքական ուժերի
դիմումը։ «Ահա և վերջ», «ֆինիտա լա կոմեդիա», եթե կուզեք՝ конец фильма:
Հիշո՞ւմ եք՝ դեռ շաբաթներ առաջ էինք կանխատեսել կայացվելիք նման որոշման մասին։
Որոշում, որն այնքան հավանական էր ու ակնհայտ, որ նույնիսկ գրազ գալու և կամ մոտակա
բուքմեյքերական ընկերությունում խաղադրույք կատարելու կարիք չկար։ Ասենք, նույնն էր,
թե գրազ գայինք, որ երբ մայր մտնի արևը՝ դուրս կգա լուսինը, կամ, ասենք՝ եթե այսօր
երկուշաբթի է, ուրեմն վաղը՝ երեքշաբթի, կամ
էլ, ասենք՝ հուլիսի 5-ին հաջորդելու է հուլիսի
6-ը՝ ինչպես որ այսօր է։ Ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարան դիմելու, ընտրությունների
արդյունքները վիճարկելու որոշումն ընդամենն իր տեսակի մեջ յուրօրինակ կրկեսային միջոցառում
էր, ընդդիմադիր «պուբլիկային» հետընտրական շոկից հանելու միմոսություն, թե՝ ժող ջան,
ախր սենց չպետք ա լիներ, մենք 5 տարի ձեռքներից եկած ամեն ինչ արել էինք Նիկոլ Փաշինյանի
պատվանդանը ցնցելու համար, վարկանիշը մաշցնելու ու սկցնելու համար, տո էլ սուտ, էլ
կեղծիք, էլ մանիպուլյացիա, էլ քարոզչական ահաբեկում, էլ ինչ ասես՝ չարեցինք, ընտրակաշառքի
մեքենան էլ «պո պոլնօյ պռագռամմե» «խոդի գցեցինք»,
անգամ սոցհարցումներ պատվիրեցինք, որոնք հուշում էին՝ «Նիկոլ կապուտ», բայց, փաստորեն,
Սերժ Սարգսյանի ասած էն կանաչ բանջարեղենը՝ վարունգը, թարս աճեց մեզ համար՝ ՔՊ-ն էսքանից հետո մոտ
727 հազար ձայն ստացավ, Նիկոլ Փաշինյանն էլ էն Առնոլդ Շվարցենեգերի մարմնավորած Տերմինատորի
պես դիմացավ փորձություններին ու մնաց անպարտելի։
Հիմա դառնանք այն հիմնավորումներին, որ պարոնայք ընդդիմադիրները բերում են հօգուտ
մանդատները վերցնելու իրենց որոշման, հիմնավորելու, արդարանալու, թե ինչո՞ւ է մանդատ
վերցնելն ավելի ճիշտ, քան թե չվերցնելը։ Մասնավորապես «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական
ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՍԴ որոշման հրապարակումից առաջ հայ ժողովրդի ընտրյալ
ազգ լինելու, պատմական առաքելություն ունենալու մասին վազգենմանուկյանական ոճի մի սրտաճմլիկ
ռիլ էր նկարել ու սփռել ֆեյսբուքով՝ երևի հույս ունենալով, որ ՍԴ որոշումից հետո ընտրյալ
ազգը կգոտեպնդվի, կիրացնի իր այս պահի պատմական առաքելությունը՝ կթափվի փողոց ու կբողոքի
որոշման դեմ, կսրբի-կտանի Փաշինյանի իշխանությանը․․․ բայց ոչ․․․ գեթ մեկ քաղաքացի նմուշի համար փողոց դուրս չեկավ ու չբողոքեց
բարձր դատարանի որոշման դեմ՝ այսպիսով ապացուցելով, որ «ընտրությունները կեղծված են» ընդդիմության թեզը փուչիկ է, տզզան փուչիկ։ Նույն Նարեկ Կարապետյանի տրամադրությունը, նկատենք, ՍԴ որոշման հրապարակումից
հետո, ինչպես ասում են՝ մեկ գիշերվա մեջ փոխվեց, դեմքը դարձավ խոժոռ, ձայնը՝ պախառոննի,
տոնը՝ մուննաթախառը։ Պարոն Կարապետյանն իր հերթական ռիլում արդեն մոռացել էր ընտրյալ
ազգի ու դրա առաքելության մասին ու մուննաթ էր գալիս իրենց ընտրած, բայց մանդատները
վերցնելուն դեմ եղող քաղաքացիների վրա, թե՝ «եղբայր, եղբայրներ, մանդատը մեզ ի՞նչ ա տալիս,
ինձ ինչ ա տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից ինչ ա տալիս մանդատը, ասեք՝ մենք
էլ իմանանք, էլի՜։ Վիրավորական ա, շատ վիրավորական ա էս ամենը։ Մարդիկ թողնում են իրենց
գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնագիտությունը՝ գալիս են, որ
գնան, նստեն։ Ինչ ա տալիս մեզ մանդատը»։
Ակնհայտորեն, Նարեկ Կարապետյանը խեղաթյուրված պատկերացում ունի պատգամավորի աշխատանքի
մասին և այն ներկայացնում է որպես մի տաժանք,
տառապանք, զրկանք ենթադրող գործողություն կամ, ինչպես ինքն է ասում՝ «տոմս դեպի կալանավայր»։
Փաստորեն, եթե «Ուժեղ Հայաստան»-ը վերցներ իշխանությունը, ուժեղաց ուժեղ Սամվել Կարապետյանն
էլ թագադրվեր վարչապետ, մանդատ վերցնելը լինելու էր մե երանավետ, մե վայելչական պրոցեդուրա,
«տոմս դեպի եդեմ», գնալու էին, նստելու էին, բայց ոչ թե՝ կալանավայրում, այլ՝ նիստերի
դահլիճի իրենց բազկաթոռներին ու լծվելու էին երկրիս օրենսդրական դաշտը վարել-ցանել-հերկելուն,
ծաղկեցնելուն, նախևառաջ՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը փոզմիշ անելու, Սաֆարովի
կանխարգելման օրենքն ընդունելու ռազմահայրենասիրական գործին։
Հա, ի դեպ, Կարապետյանը էդ ո՞ւմ է համարում «կալանավայրի տոմսի» պոտենցիալ հավակնորդ,
ցուցակի ո՞ր համարին կամ համարներին, թե՞ բոլորին միաժամանակ՝ իր գլխավորությամբ։ Երիտքաղգործչին
լուսավորենք՝ որևէ ընդդիմադիր ՀՀ-ում ժողովրդի մանդատով օժտվելու, պատգամավոր լինելու
համար կալանավայրի տոմս չի շահում։ Այդ տոմսը «շահում» են նրանք, ովքեր նախքան պատգամավոր
դառնալը կամ դրանից հետո ղալաթ են անում, Քրեական օրենսգրքով պատժվող արարք՝ դրանից
բխող հետևանքներով։ Այնպես որ, եթե Նարեկ Կարապետյանն ինքը ու իր ընկերները որևէ ղալաթ
չեն արել և պատրաստվում են հետայսու էլ չանել, ապա նրանք «բերդի պուտյովկա» ստանալուց
ապահովագրված են։ Հետևապես զուր է պարոն Կարապետյանը մի ոտ շուտ միացրել նապաստակի
սինդրոմն ու հիմիկվանից դողացնում։
Ինչ վերաբերում է Կարապետյանի մյուս՝ մանդատ վերցնելու օգտին բերված արդարացմանը,
թե՝ եթե փողոցում մարդ հավաքվի, ո՞վ ա ԱԺ-ում սեղմելու համապատասխան կնոպկաները, որ
Փաշինյանը գնա, ապա երիտքաղգործչին պետք է հուշել հիմիկվանից չնետվել կապույտ անուրջների
գիրկը՝ ինչքան իրենց իրավանախորդ «Պատիվ ունեմ»-ն
ու «Հայաստան»-ը կարողացան Փաշինյանին անվստահություն
հայտնել, նրան «տուն» ուղարկելու համար կրիտիկական զանգված փողոց հանել ու ԱԺ-ում վավերացնել
այդ զանգվածի կամքը՝ կնոպկա սեղմելու տեսքով, այդքան էլ իրենք՝ «Ուժեղ Հայաստան»,
«Հայաստան» դուետը կկարողանա։
Հա, ի դեպ, որ մանդատը մի արգահատելի երևույթ է, բեռ ու բալաստ, քան թե՝ պատիվ
ու պատասխանատվություն, օրերս փորձում էր ապացուցել Լևոն Քոչարյանը՝ մանդատները վերցնելու
որոշում կայացրած «Հայաստան» դաշինքի 10-րդ համարը։ «Մանդատը միայն դժվարություն ա
առաջացնում, մանդատով դու ոչ թե պաշտպանված ես լինում, այլ ընդհակառակը՝ թիրախավորվում։
Վերջին 5 տարին ցույց տվեց, թե ինչքան ավելի դժվար ա մանդատ ունենալը, քան թե չունենալը։
Ժողովրդի մոտ տպավորություն կա, որ, չգիտեմ, ձեզ համար մանդատ եք վերցրել, գնացել, էնտեղ նստել եք, աշխատավարձ
եք ստացել։ Չէ, դու իրականում մեծ հարվածի տակ ես հայտնվում, թիրախ ես դառնում, իսկ
անձեռնմխելիության հարցն էլ տեսել ենք, իրանք դառնում են մեծամասնություն, երբ ուզեն՝
կարող են զրկել։ Էնպես որ, ինչ որոշում էլ լինի, դա լինելու ա պայքարի ավելի արդյունավետության
տեսանկյունից»։
Օ, ինչպիսի՜ էժանագին սիմուլյացիա։ Մանդատի «քըխ» լինելու մասին է խոսում մեկը, որը ազատության մեջ է բացառապես այդ մանդատի
շնորհիվ։ Հիշեցնենք, թե ինչ օպերացիայի շնորհիվ որդի Քոչարյանը
դարձավ պատգամավոր՝ իր հայրիկի երբեմնի բժիշկ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու,
ինչպես նաև «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ մի քանի համարների
կողմից իրենց մանդատներից հրաժարվելու գնով։ Այնպես որ, մանդատն է, որ
2023-ին ՆԳՆ ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար քրեական հետապնդման
ենթարկվող Լևոն Քոչարյանին ազատեց Նուբարաշենի ՔԿՀ-ից։
Հարց է ծագում՝ եթե այդքան վատ բան է մանդատը,
այդքան քըխ, «ֆու» է, ինչու էիք կյանքի ու մահվան կռիվ տալիս դրա համար, թռչում վերև,
իջնում ցած։ Է, չմասնակցեիք ընտրություններին
և չէիք ունենա նաև ձեզ համար այդքան «զազրելի ու քստմնելի» մանդատները։ Ձեր փոխարեն խորհրդարան կմտնեին առողջ, իշխանամոլության ախտով
չտառապող և ամենակարևորը՝ մանդատի հարգն իմացող ուժերը, որոնք այդ մանդատները կիրացնեին
ի շահ պետության, ոչ թե ի շահ կլանի և արտաքին ինչ-որ ուժերի օրակարգերի։ Եվ ամենակարևորը՝
մանդատ վերցնելն ու պատգամավոր աշխատելը չէին ներկայացնի որպես «ադալժենի»։
Հեղինե Մանուկյան