Այսօր՝ հուլիսի 3-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը ավտոմեքենա կա կայանված, որի մեջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Համայնքային և քրեական ոստիկաններն ու պարեկները գերեզմանների տարածքում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի նշել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, ով այցելել է իր հարազատի գերեզմանը: