Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։
Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ինչպես նաև շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն է հանրայնացնել Հայաստանի մասնակցությամբ իրականացվող «Էրազմուս+» նոր նախագծերից ակնկալվող արդյունքները և համագործակցության նոր հնարավորությունները, ներկայացնել դրանց բովանդակային ուղղությունները և խթանել տարբեր ոլորտների դերակատարների միջև համագործակցությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ որպես հավելյալ արժեք ստեղծելու հիմնարար հնարավորություն:
«Էրազմուս+» ծրագրերը՝ համագործակցության հարթակ
«Միջազգային գործընկերների հետ կայուն համագործակցությունը մեզ պարտավորեցնում է խթանել նաև տարբեր հաստատությունների և կառույցների միջև ներքին համագործակցությունը: «Էրազմուս+» ծրագրերի արդյունավետության առումով հատկապես ուրախալի է, որ բացի բարձրագույն կրթությունից՝ նաև միջին մասնագիտական հաստատությունները, երիտասարդական կենտրոններն ու սպորտային կազմակերպություններն են ներգրավված տարբեր նախագծերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա՝ այդ ծրագրերի իրականացումը Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարությունների օրակարգում է՝ առանցքում ունենալով մարդկային կապիտալի զարգացումը՝ որպես հանրային և տնտեսական կյանքի զարգացման կարևոր հիմքերից մեկը:
ԱԲ գործիքները կարևոր են դարձնում ստեղծագործելու ունակությունը
«Տեխնոլոգիական առաջընթացի դարում, երբ արհեստական բանականության գործիքակազմերը ներդրվում են տարբեր ոլորտներում, պետք է հաշվի առնել, որ դրանք ոչ թե չեղարկում են մարդու գործոնը, այլ այն ավելի կարևոր են դարձնում՝ ընդլայնելով ստեղծագործելու ունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ ուսումնական հաստատություններին, մասնակից կազմակերպություններին, փորձագետներին, միջազգային գործընկերներին: Նա ընդգծել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները շոշափելի և տեսանելի են ոչ միայն պետական կառույցների, այլև մեր հանրության համար՝ որպես թափանցիկության կարևոր ցուցիչ:
ԵՄ-ն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը
ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարևորել է Էրազմուս+ ծրագրի արդյունավետ ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում մարդկային կապիտալի զարգացումն ունի առաջնային նշանակություն։
«Կրթության ոլորտում կատարվող ներդրումները նպաստում են պետության և հասարակության դիմակայունության և կայուն զարգացման բերելավմանը։ Վերջին տարիներին ԵՄ-ն շուրջ 70 միլիոն եվրո ծավալով աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին»,- ընդգծել է դեսպան Վասիլիս Մարագոսը։
Ներկայացվել են «Էրազմուս+» ծրագրերը՝ ըստ ոլորտների
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին հայաստանյան շահակիցների առավել լայն և ներառական մասնակցության խթանմանը։
Համաժողովի շրջանակում ըստ ոլորտների ներկայացվել են «Էրազմուս+» մի շարք նախագծեր․
Անդրադարձ է եղել նաև սպորտի ոլորտում կարողությունների զարգացմանը։ Ներկայացվել են CC4C նախագիծը՝ ուղղված փոփոխությունների առաջնորդների ձևավորմանը, ինչպես նաև Cycle Paths նախագիծը, որը վերաբերում է հեծանվավազքի միջոցով ներառականության և բարեկեցության խթանմանը։
Համաժողովը նաև հնարավորություն է՝ մեկ հարթակում համախմբելու կրթության, երիտասարդության, սպորտի, քաղաքացիական հասարակության և միջազգային համագործակցության ոլորտների ներկայացուցիչներին։