ՀՀ Կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձևավորվող համայնքը։
Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
Մրցանակային ֆոնդ
Մասնակցության հիմնական պայմանները.
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բացառապես երաժշտական խմբերը, որոնց կազմում ընդգրկված ներկայացուցիչները պետք է լինեն 13-35 տարեկան, իսկ խմբի կազմը պետք է ներառի առնվազն 3 անդամ։
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին:
Ելույթները պետք է իրականացվեն բացառապես կենդանի կատարմամբ (Live Performance), իսկ մասնակից խմբերը պետք է հանդես գան վոկալ-գործիքային կազմով։
Ընդունվում են բոլոր երաժշտական ժանրերի հայտերը:
Փառատոնային ծրագիրը պետք է բաղկացած լինի առավելագույնը 3 ստեղծագործությունից՝ 10-12 րոպե ընդհանուր տևողությամբ։
Հայտերը կարող են ներկայացնել նաև օտարերկրյա ներկայացուցիչները։
Մասնակցության հնարավորություն է նախատեսված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող և գործունեություն իրականացնող երաժշտական խմբերի համար (մասնակցության հետ կապված ծախսերի փոխհատուցում ծրագրով նախատեսված չէ):
Հայտերի ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ։
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։
Փառատոնի հաղթողները կորոշվեն մասնագիտական ժյուրիի և հանդիսատեսի համատեղ գնահատման արդյունքում՝ 50/50 սկզբունքով, ինչը կապահովի մասնագիտական գնահատականի և հանրային ընտրության հավասարակշռված համադրությունը։
«Վարչաֆեստ 2026»-ը նպատակ ունի դառնալու ոչ միայն երաժշտական մրցույթ, այլև երիտասարդության, մշակույթի և ստեղծարար մտքի զարգացման ամենամյա հարթակ՝ նպաստելով նոր տաղանդների բացահայտմանը, ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի մշակութային ճանաչելիության բարձրացմանը։
«Միացե՛ք Հայաստանի երիտասարդական երաժշտական ամենասպասված փառատոնին և դարձե՛ք նոր երաժշտական պատմության մասնակից»,- կոչ են անում փառատոնի կազմակերպիչները։