«Գողությո՜ւն ենք արել, գողությո՜ւն․․․»։ Եթե «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի՝ Ռևազի ոչխարները գողացած հերոսները մեր օրերում ապրեին, իրական մարդիկ լինեին, «Ուժեղ Հայաստան» (ՈՒՀ) կուսակցության անունից, ասենք, ենթադրաբար ընտրակաշառք բաժանած լինեին ու մեղադրվեին այդ հանցանքի համար, հաստատ ավելի ազնիվ կգտնվեին՝ նախքան դատարանի կողմից կայացվելիք ակտը խոստովանելով՝ «ընտրակաշա՜ռք ենք բաժանել, ընտրակաշա՜ռք»։
Արարք, գործողություն, որն իր տեսակի մեջ ևս գողություն է, գողության
զազրելի, քստմնելի տեսակ, որի նպատակը ընտրողի
քվեի հափշտակումն է՝ նրան գայթակղելով փողով։ Այո, սա գողության թերևս միակ տեսակն
է, որի դիմաց գույքի տիրոջը՝ ընտրողին, վճարում են։ Բայց «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում
ընտրողին պատկանող գույքի ենթադրյալ գողության վերաբերյալ ընկալումը ուրիշ է։ Մասնավորապես նորածին կուսակցության մի
շարք անդամ-պատգամավորի թեկնածուներ խաչակնքում են ու չքմեղի դեմքով հակադարձում, թե՝
«շառ եք անում», անմեղության կանխավարկած եք խախտում, քանի չկա դատարանի՝ օրինական
ուժի մեջ մտած վճիռը, ընտրակաշառքի թեման «պառաժ» է, հերյուրանք, մենք էլ անմեղ ենք,
ինչպես նորածինը։ Ինչ վերաբերում է «շառն» ապացուցող բազմաթիվ գաղտնալսումների հրապարակված
դրվագներին, որոնցում գործածվող որոշ կապակցություններ հարստացրել են ժողովրդական ժամանակակից
բանահյուսությունը, ինչպես օրինակ՝ «շուն-շանգյալը», ապա հիշյալ ձայնագրությունները, ըստ «նորածինների»,
մոնտաժված են։ Հետևապես պետք է փորձաքննության
ենթարկվեն, ինչից հետո նոր պարզ կդառնա՝ «Ուժեղ
Հայաստանի» կողմից ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ Հակակոռուպցիոն կոմիտեն բանուգործը
թողել, հարյուրավոր քաղաքացիների խոսակցություններ
է բեմադրել, ապա՝ չարանենգորեն մոնտաժել է
դրանք, այնպե՜ս, որ խոսակցություններում լսվեն «Տաշիր», «Սամո», «փող», «ռոճիկ», «շտաբ»,
«ընտրություն», «ձայն», «տասովկա», «կրել», «հոգի», «մարդ», «ճարել» և այլ բառեր։ Ի դեպ, ընտրություններից շաբաթներ են անցել, բայց
Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հրապարակել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի
վերաբերյալ գաղտնալսումներ։ Մեջբերենք մի քանի զիլ երկխոսություն ընդամենը ժամեր առաջ
հրապարակված գաղտնալսումից, որտեղ ինչ-որ հոպար, ենթադրվում է՝ ընտրատասովշիկների
«դոնը», գովում է գլուխը՝ «չամադանով փող ենք բաժնե, ախպերս», «մի հատ տաշոն
կրի, լիքը թեմաներ կան ստե»։ Մեկ այլ քաղաքացի էլ, ենթադրաբար՝ «հոպարի» ինչ-որ «գանձ»,
քննարկելով «ռոճիկի»՝ աշխատավարձի թեման, ասում է՝ «հոպար, չտա Աստված, սրանք կես ռուկ
մեզ տան, թողում ենք, էթանք խոպան»։ Նույն ձայնագրության մեջ ենթադրյալ «հոպարը» ինչ-որ
մեկի հետ խոսակցության ժամանակ հայտարարում է՝ «գյուղում պետք ա կրենք», նրա զրուցակիցն
էլ արձագանքում է․ «25
հոգի ունեմ, հմի որ ես տասովկա անեմ, ախպեր, կարամ 100 հոգի ճարեմ, կարամ 200 հոգի
ճարեմ, թող իրանք իրար գան, ախպեր»:
Այս ձայնագրությունն ընդամենը մեկ օրինակ է հրապարակված բազմաթիվ
ձայնագրություններից, որը լսողի մեջ առնվազն ողջամիտ կասկած է հարուցում, որ «տաշո»-ն,
ենթադրաբար՝ «Տաշիր Սամոն», տվյալ գյուղում պետք է կրի, և ինչ-որ մարդիկ փող են բաժանում,
մարդ են հավաքում, որպեսզի ապահովեն «տաշոյի» «կրելը»։
Հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ արդ, անցնենք «Ուժեղ
Հայաստան»-ի ընտրական ցուցակի երկրորդ համար, փաստաբան, ՍԴ-ում ուժեղների ներկայացուցիչ,
ՀԿ-ի ձայնագրությունների արժանահավատ լինելը կասկածի տակ դնող, միաժամանակ անմեղության
կանխավարկածի թունդ հավատավոր և վերջապես՝ «մե անմեղագույն մարդ» Արամ Վարդևանյանին։ ՍԴ նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի
հարցին ի պատասխան՝ «ձեզ համար ընդունելի կլինե՞ր, որ քննչական մարմինները ընտրակաշառքի
վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս չնշեին ենթադրյալ հանցանքը կատարած կուսակցության
անունը», պարոն Վարդևանյանն ուղղեց ճերմակ
օձիքն ու խրոխտ ազդարարեց․ «Ընտրական օրենսգրքի կարգավորումների տեսանկյունից
հենց այդպես էլ պետք է լիներ»։ Ապա հավելեց՝
խոսքը ընդունելի լինել-չլինելու մասին չէ,
այլ՝ սև «փիառ-ի», որին էլ հիշյալ ձայնագրությունների հրապարակման հետևանքով, փաստորեն,
ենթարկվել է «Ուժեղ Հայաստանը»։ Ասել կուզի՝ ՀԿ-ն պետք է իր հաղորդագրությունների մեջ
հատուկ չշեշտեր «Տաշիր Սամոյի» կողմից ստեղծված կուսակցության անունը՝ թիրախավորելով
դեռ նախքան ընտրությունները իրեն վարչապետ հռչակած Սամվել Կարապետյանի քաղաքական պրոյեկտը։
Ոչինչ, որ գաղտնալսման մեջ ենթադրյալ «կաշառք», «ռոճիկ» բաժանողներն ու «տասովկա» անողները,
գրողը տանի, նշում են «Սամո», «տաշո» բառերը՝ կասկածի տեղ չթողնելով, որ խոսքը, գրողը
թող շարունակի տանել, Սամվել Կարապետյանի ու նրա «Ուժեղ Հայաստանի» մասին է։ Վարդևանյանի
համար, փաստորեն, խնդրահարույց է միայն գաղտնալսման վերնագիրը, իսկ այ բովանդակությունը,
որը ներառված է դրա տակ․․․ «ջայնըմիս»։ Հետաքրքիր է՝ եթե պարոն Վարդևանյանը
չլիներ ընտրապայքարին մասնակցած՝ ամենահարուստ
առաջնորդն ունեցող քաղաքական ուժի ընտրական ցուցակում, ասենք՝ ընտրություններին մասնակցեր
«Արամ Վարդևանյան»՝ համեստ ֆինանսական կարողություններ ունեցող դաշինքով, չէ՞ր առարկի,
եթե ՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու մասին իր հաղորդագրություններում լիներ ոչ հասցեական՝
ակամա ընտրակաշառատու դարձնելով ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին,
այդ թվում՝ հենց իրենց՝ «Արամ Վարդևանյան դաշինքին»։ Լավ, նրա մեջ օբյեկտիվ դժգոհություն
չէ՞ր առաջանա, թե՝ հլը մի րոպե, ընկերներ, էս ի՜նչ աշխատելու ձև ա, ընտրակաշառք տվող
եք բռնել, անունը տվեք, ի՞նչ եք բոլորիս պոտենցիալ կաշառատու սարքում, թիրախավորում,
չեղավ, չէ՞։
Հընթացս նշենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու
դեպքերով հարուցված քրեական գործերով 258 մեղադրյալ կա, որոնցից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն
են, Կարլ, «Ուժեղ Հայաստանի»։
Ի դեպ, «Դատալեքս» հարթակում արդեն իսկ հրապարակվել
են դատարան ուղարկված մի շարք քրեական գործերով մեղադրական եզրակացությունները: Դրանցից
մեկով, օրինակ, Գեղամ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն
բանի համար, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության` չպարզված անդամների և Հովհաննես
Չոբանյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի
Արբաթ բնակավայրի 6 ընտրողներին՝ Ժիրայր Հրաչի Մկրտչյանին, Օհան Արտակի Վահանյանին,
Ռաֆիկ Գրիգորի Մկրտչյանին, Վարդան Ռոբերտի Սեդրակյանին, Գևորգ Նվերի Զաքարյանին և Վանիկ
Գեղամի Սարգսյանին, 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մեկ միասնական դիտավորությամբ
տվել է ընտրակաշառք, միաժամանակ 2026 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցի
փողոցի 13-րդ հասցեում կազմակերպված հավաքին մասնակցելու նպատակով նշված անձանց նյութապես
շահագրգռել է: Ահա ևս մեկ՝ հակակոռուպցիոն քրեական դատարան ուղարկված այլ գործ, որով
ամբաստանվում է 12 անձ։ Ամբաստանվողները Արարատի մարզի բնակիչներ են, որոնցից երկուսին,
մասնավորապես Գոռ Մեջլումյանին և Դերենիկ Միսակյանին,
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը
մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ստացել են 100.000-ական
ՀՀ դրամ ընտրակաշառք:
Մի ուշագրավ գործ էլ, որով ամբաստանվում է
8 անձ։ Մասնավորապես Զոհրաբ Իգիթյանին մեղադրանք է առաջադրվել
այն բանի համար, որ նա խմբի կազմում ստացել է ընտրակաշառք և 5 դեպքով խմբի կազմում
տվել է ընտրակաշառք:
Այսպես՝ Զոհրաբ Իգիթյանը և Ապրես Հովհաննիսյանը «Ուժեղ
Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի
մի շարք շենքերում բնակվող ընտրողներին հավաքագրելու, նրանց կողմից ընտրությանը մասնակցելու
և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, խմբի կազմում, քննությամբ
դեռևս չպարզված անձանցից 2026 թվականի ապրիլ և մայիս ամիսներին ստացել են ընդհանուր՝
1.100.000 ՀՀ դրամ ընտրակաշառք, որից 700.000 ՀՀ դրամը Զոհրաբ Իգիթյանը փոխանցել է
Ապրես Հովհաննիսյանին, իսկ 400.000 ՀՀ դրամը պահել է իրեն: Ապրես Հովհաննիսյանին մեղադրանք
է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ստացել է ընտրակաշառք և 5 դեպքով
խմբի կազմում տվել է ընտրակաշառք:
Սպասենք այս («Դատալեքս»-ում այս պահին 20 գործով մեղադրական եզրակացություն է հրապարակված)
գործերով դատաքննություններին ու դատավճիռներին։ Իսկ նախքան այդ նկատենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական մուտքն ու
մասնակցությունը ընտրապայքարին այլևս նույնացվեց պարսավելի արարքի՝ ընտրակաշառքի հետ։
Կուսակցություն, որը հիմնված է ոչ թե գաղափարի վրա՝ սպասարկելու ռազմավարական նպատակներ,
այլ կարճաժամկետ քաղաքական օրակարգ, այն էլ՝ փողով, շա՜տ մեծ փողով։
Հեղինե Մանուկյան