Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

Հայաստանում վաղուց ձևավորվել է մի յուրահատուկ իրավիճակ. այն հարցերը, որոնք առնչվում են ամենակարևոր ազգային ինստիտուտներին, հաճախ տաբուացվում են և հայտարարվում են «չքննարկվող»։ Այդ մոտեցումը թերևս սովետական ժառանգության տխրահռչակ մնացուկ է, որից ազատվելն անբեկանելի հրամայական է։ Նման կանխակալ և զարգացումն արգելակող մոտեցման հետևանքով հասարակությունը կորցնում է ոչ միայն բանավեճի հնարավորությունը, որի իրավունքն ունի, այլև վստահությունը հենց այդ ինստիտուտների նկատմամբ։


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, առավել հստակ՝ իշխող վերնախավը, բացառություն չէ։

Տարիներ շարունակ՝ 1999-ի հոկտեմբեր 27-ից (հիշեցնենք, որ այդ օրը նաև կաթողիկոսական ընտրություններն էին) և դրանից էլ առաջ հազարավոր մարդիկ, բարձրաստիճան և ավելի խոնարհ դիրքի եկեղեցականներ, հասարակական քաղաքական գործիչներ, լրագրողներ, շարքային հավատացյալներ, եկեղեցու հետ կապված բարձրաձայնել են ամենատարբեր բնույթի մտահոգություններ՝ սկսած եկեղեցու կառավարման թափանցիկությունից մինչև եկեղեցական իշխանության պատասխանատվության մեխանիզմներ և դրանց բացակայություն, կաթողիկոսական ընտրությունների զեղծումներ, եկեղեցական-ժողովական ատյանների անգործություն և/կամ դրանց ստորադասում մեկ մարդու, եկեղեցու ներսում հոգևորականների և հավատացյալների իրավազրկում, ճշմարտությունը բարձրաձայնելու համար հոգևորականների հալածանք, ծաղրանք, հեղինակազրկումից մինչև հոգևորականների զգայացունց և բարեպաշտ մարդու հույզերը վիրավորող աննկարագրելի և աներևակայելի սեռական սանձարձակություններ։


Սակայն այդ հարցերի զգալի մասը երբեք չի ստացել հանրային, փաստարկված պատասխան։ Փոխարենը ձևավորվել է վտանգավոր մի սովորույթ. խնդիրը քննարկելու փոխարեն քննարկվում է այն բարձրաձայնողը։ Խնդիրը բարձրաձայնողն էլ կա՛մ ժամանակի հետ մոռացության է մատնվում, կա՛մ «եկեղեցական անաչառ ատյանի» կողմից արժանանում «համաչափ և փրկարար» պատժի և հեռանում տեսադաշտից։


Հայտնի է, որ հայաստանյան օրենսդրական դաշտն այդ ուղղությամբ ունի բազմաթիվ բացթողումներ, և գրեթե նախադեպ չկա, որ եկեղեցում անիրավության հանդիպած, եկեղեցական բարձրագույն իշխանության կողմից բռնության ենթարկված անձը կարողանա հասնել արդարության վերջնական վերականգնման ներհայաստանյան դատական ատյաններում։ Սա առողջ հասարակության, ներհասարակական համերաշխության ապահովման ճանապարհին ուղիղ և անհաղթահարելի թվացող խոչընդոտ է։


Ժամանակակից աշխարհում որևէ հաստատության մեջ որևէ ինստիտուտ չի կարող պահպանել իր հեղինակությունը միայն պատմական վաստակով։ Հեղինակությունը վերարտադրվում է ամեն օր արդարությամբ, հաշվետվողականությամբ և վստահությամբ։ Այս օրինաչափությունը գործում է պետության, համալսարանի, դատարանի, լրատվամիջոցի և, առավել ևս, եկեղեցու համար։


Սա ոչ թե աշխարհիկ մտածողության պարտադրանք է, այլ հենց քրիստոնեական ավանդույթի տրամաբանությունը։ Ավետարանում իշխանությունը երբեք ներկայացված չէ որպես արտոնություն։ Այն պատասխանատվություն է։ Իսկ պատասխանատվությունը միշտ ենթադրում է հաշվետվողականություն։


Եթե որևէ կառույց հայտարարում է, որ ծառայում է ճշմարտությանը, ապա չպետք է վախենա ճշմարտության մասին հարցերից, մինչդեռ մենք տարիներ շարունակ և տակավին այսօր լսում ենք միայն հեգնանք՝ «հնչած հարցը կոռեկտ չէ, անտրամաբանական հարցերին չեմ պատասխանում», «այդ հարցը համապատասխան ատյանում չի բարձրացվել, դրա համար բարձրաձայնողին կպատժենք», «չհամարձակվեք մեր անձնական կյանքը քննարկել, ձեզ կարող ենք բանադրել, արհամրհել, ծաղրել»։


Չափահաս անձը, որ եկեղեցում խորանի վրա ժողովրդի և Աստծո առաջ արված ուխտով հրաժարվել է անձնական՝ սեռական կյանքի իրավունքից, այլևս ճամարտակելու իրավունք չունի։ Եկեղեցին փակ, գաղտնի կազմակերպություն չէ, որ խուսափի հանրային, հրապարակային պատասխանատվությունից, ոչ էլ առաջին դարերի աղանդ է, որտեղ սեռական անբնական խառնակությունները բարձրացված են ծիսական-խորհրդական մակարդակի։


Այսօր հասարակությունը փաստորեն կանգնած է մի ընտրության առաջ. կա՛մ շարունակել ձևացնել, թե ՀԱՍԵ-ում խնդիրներ չկան, կա՛մ ընդունել, որ ամենամեծ վտանգը ոչ թե այդ խնդիրների քննարկումն է, այլ քննարկման կերպը՝ «համապատասխան ատյանները» թողած՝ հարցերը բարձրացվում են հանրային տիրույթում, ուղիղ, առանց սեթևեթանքի, և սա է, որ չի ներվում եկեղեցական բարձրագույն իշխանությունը որևէ մեկին. լինի այդ որևէ մեկը «կարգալույծ հռչակված նախկին հոգևորական», գործող եպիսկոպոս, պետական այր, շարքային քաղաքացի, պարզապես հայ մարդ։


Եկեղեցու ներսում մեղքը բազմացնողների համար այդ ամենը թաքուն պահելու ժամանակներն այլևս անցյալում են, եկեղեցում կազմակերպված հանցավորության հետ կոմպրոմիս չի լինելու, եկեղեցին այլևս ոչ մի օտար շահի չի ծառայելու, ներքաղաքական գզվռտոցի մեջ չի հայտնվելու։ Հասկանալի է, որ այս ամենը միանգամից հասկանալն ու ընդունելը անհնարինության հասնելու չափ դժվար է, որովհետև երկար տարիների վախով պայմանավորված թանձր և խավար լռությունն արել է իր սև գործը։


Եկեղեցու բարեկարգության նախաձեռնությունը ձևակերպվեց որպես զուտ ներեկեղեցական օրակարգ, որի վրա եղան նեղ կլանային, կենդանական բնազդներով կառավարվող և մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի հարձակումներ։ Այս ամենով հանդերձ՝ եկեղեցու բարեկարգության օրակարգն իրավունքի ուժով անբեկանելի պահանջ է, և որևէ անձ կամ խումբ չի կարող այն կասեցնել։ Հասարակական պահանջն է ունենալ մաքուր, թափանցիկ, Ավետարանի քարոզով զբաղվող, մարդկանց փրկության ճանապարհն օրհնաբեր ներկայությամբ ապահովող եկեղեցի, որի վերնախավն ու քահանայական դասը օտար ուժերի շարքային գործակալ և Հայաստանի Հանրապետության շահերի դեմ գործող, Հայաստանի Հանրապետության հիմքերը կրծող դավաճաններից չէ բաղկացած։


Եկեղեցու մաքրության պահանջը և այդ ուղղությամբ իրականացվող ճիգերը չեն կարող դիտվել որպես եկեղեցու դեմ հարձակում։ Այո, Մայր Աթոռի ղեկավարությունն այսօր ամեն ջանք չի խնայում, որպեսզի ժողովրդի արդար պահանջը պիտակավորի որպես «հակաեկեղեցական արշավ»։ Իրական հակաեկեղեցական արշավը եկեղեցու վերնախավի լրտեսական գործունեությունն է և եկեղեցին մեղքի ճիրանների մեջ պահելը։


Հասարակական պահանջը ժողովրդավարության բնական դրսևորումն է։ Տրամաբանությունը պարզ է՝ երբ քաղաքացին հարցնում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչ սկզբունքներով են ընտրվում ղեկավարները, որոնք են այդքան չարչրկված «համապատասխան եկեղեցական ատյանները», ինչու են բացակայում հաշվետվողականության գործիքները, նա չի պայքարում եկեղեցու դեմ։ Նա պահանջում է, որ ազգային կարևորագույն հաստատություններից մեկը համապատասխանի այն բարոյական, հոգևոր չափանիշներին, որոնք ինքը կոչված է քարոզելու։


Այս քննարկումն ունի նաև քաղաքական հարթություն, որովհետև ուղիղ կապ ունի Հայաստանի հանրապետության գոյության և խաղաղ զարգացման հետ։


Եթե իշխանությունը տարբեր ժամանակներում հայտարարել է, որ եկեղեցական կյանքում անհրաժեշտ են փոփոխություններ, ապա այդ հայտարարությունները չեն կարող մնալ նախընտրական հռետորաբանության մակարդակում։ Ժողովրդավարական պետությունում յուրաքանչյուր հրապարակային խոստում ստեղծում է քաղաքական պատասխանատվություն։ Քաղաքացին իրավունք ունի պահանջելու ոչ թե հակաեկեղեցական գործողություններ, այլ օրենքի շրջանակում իրականացվող, թափանցիկ և սահմանադրական լուծումներ։


Միևնույն ժամանակ պետք է հստակ սահմանազատել երկու հասկացություն՝ միջամտությունը և անտարբերությունը։ Պետությունը չպետք է որոշի հավատքի հարցերը, բայց նաև չի կարող անտեսել հանրային նշանակության ինստիտուտներում առկա այնպիսի խնդիրները, որոնք առնչվում են օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին կամ հանրային վստահությանը։ Այլ կերպ ասած՝ պետությունը չի կարող հանդուրժել, որ եկեղեցում հակապետական և ահաբեկչական կոչեր հնչեն, պետությունը չի կարող հանդուրժել նաև, որ եկեղեցին, որ կոչված է բարոյականության նշաձողը սահմանողը լինել հասարակության կյանքում, վերածվի սեռական մոլագարների հավաքավայրի, քրիստոնյան, հոգևորականը, առավել ևս կուսակրոն հոգևորականը չեն կարող ազատ և անպատասխանատու սեռական վարքագիծ դրսևորել ում հետ և ինչպես ուզենան, որքան էլ նման պիղծ վարքագիծն արգելված չէ օրենքով։ Բարձրաստիճան հոգևորականը չի կարող եկեղեցին ծառայեցնել իր ընտանիքի անդամների և սիրուհիների, սիրեկանների բարեկեցությանը, դարձյալ եթե նույնիսկ նման վարքագիծն արգելող օրենքներ չկան։ 


Անշուշտ, կարևոր է այս ամենի մեջ նպատակասլացության հետ միասին չկորցնել նաև ողջամտությանը, չտրվել սադրանքների, խուսափել բևեռացումներից։ Հանուն ճշմարտության պայքարի մեջ կարևոր է մի կողմ նետել վախն ու ատելությունը։


Հայաստանի քաղաքացիները պետք է մտածեն այս հարցերի շուրջ․


Արդյոք ազգային ինստիտուտները պե՞տք է լինեն թափանցիկ։


Արդյոք ցանկացած իշխանություն ենթակա՞ է հաշվետվողականության։


Արդյոք հավատացյալն ունի՞ իր եկեղեցու ապագայի մասին խոսելու իրավունք։


Եթե այս երեք հարցերին պատասխանը դրական է, ապա եկեղեցական բարեկարգության մասին խոսակցությունը դադարում է լինել անձերի կամ դրանց փոփոխության շուրջ վեճ։ Այն դառնում է արժեքների շուրջ քննարկում։ Այն դառնում է եկեղեցու ապագայի և եկեղեցու ապագա առաքելության տեսլականի մասին խոսույթ։


Ի վերջո, պատմությունը ցույց է տալիս, որ որևէ մեծ ինստիտուտ չի թուլացել ինքնաքննադատությունից։ Դրանք թուլացել են այն ժամանակ, երբ ներքին քննադատությունը փոխարինվել է «շեֆին» քծնելու տրամադրությունից բխած անվերապահ լռությամբ։


Հետևաբար այսօր անհրաժեշտ է ոչ թե ավելի բարձր գոռալ, այլ ավելի բարձր չափանիշներ պահանջել։ Ոչ թե անձերին դատապարտել, այլ սկզբունքներ ձևակերպել։ Ոչ թե հակադրել հասարակությունն ու եկեղեցին, այլ պահանջել, որ եկեղեցին լինի այն բարոյական բարձրության վրա, որի մասին ինքն է վկայում։


Հանրային քննարկումը պետք է շարունակվի հետևողականորեն՝ խաղաղ, իրավական, փաստարկված՝ ծանրակշիռ խոսքի ճանապարհով, որովհետև միայն այն հասարակություններն են կարողանում առողջացնել իրենց հիմնարար ինստիտուտները, որոնք չեն վախենում դրանց մասին ազնվորեն խոսելուց։

Տեր Արամ քահանա Ասատրյան