Իշխանությունը վերցնել, վարչապետի աթոռին միլիարդատեր Սամվել Կարապետյանին նստեցնել չկարողացած «Ուժեղ Հայաստան»-ը այժմ կանգնած է բարդ և «ուժեղ», ընդհուպ՝ շեքսպիրյան դրամատիզմով լի երկընտրանքի առաջ՝ վերցնե՞լ վաստակած մանդատները, թե՞ չվերցնել։
Ու որպեսզի հեշտացնի մանդատները
վերցնել-չվերցնելու հետ կապված որոշման կայացումը, որոշել է շոու կազմակերպել՝ «Տաշիր Արենայում» հավաքել իրենց քվեարկած, մանդատով օժտած
քաղաքացիներին ու նրանց կարծիքը հարցնել՝ մանդատ վերցնելն է ճի՞շտ, թե՞ չվերցնելը․․․(Նարեկի վիդեոն)։ «Դահլիճի օգնությանը» դիմելու և ըստ այդմ կողմնորոշվելու
մեթոդը, ինչ խոսք, նոր խոսք, եթե կուզեք՝ նոր ձև է պրակտիկ քաղաքականության մեջ։ Նու․․․․ «մեր ձևով», էլի։ Հուշման այս մեթոդը, նկատենք հայտնի է ու
կիրառվում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուից, որի ժամանակ հարցի պատասխանը
չիմացող խաղացողը կարող է օգտվել այլոց հուշումից, բայց մի նրբություն կա՝ դահլիճը
միշտ չէ, որ ճիշտ պատասխանը կարող է հուշել, կա ռիսկ, որ այն կարող է սխալվել։ Այնպես
որ վերջնական որոշումն ու խաղի ելքի պատասխանատվությունը միշտ խաղացողինն է։ Քաղաքական
խաղի մեջ մտած ու, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս՝ վատ, անտաղանդ խաղ ցուցադրող
ուժեղները, փաստորեն, որոշել են 2000 մարդ տեղավորելու հնարավորություն ունեցող «Տաշիր
Արենայում» հավաքված իրենց աջակիցների վրա գցել որոշման պատասխանատվությունը, այն դեպքում,
երբ իրենց ձայն է տվել 340 հազար մարդ։ Հարց է ծագում՝ բա էն 338 հազար քաղաքացիների
կարծիքը հարցնող չի՞ լինելու։ Իսկ գուցե «Ուժեղ
Հայաստան»-ի աջակիցները մի քանի «պատոկո՞վ»
հրավիրվեն «Տաշիր Արենա», որպեսզի բոլորը կարծիք հայտնելու հնարավորություն
ունենան։ Այլապես կստացվի, որ փոքրամասնությունը
որոշելու է մեծանասնության փոխարեն։ Հա, մի հարց էլ՝ իսկ եթե կարծիքները կիսվե՞ն՝
50/50 լինեն «այո»-ն և «ոչ»-ը, 50 տոկոսը կողմ
լինի մանդատ վերցնելու, 50-ը՝ ոչ, ինչ է լինելու այդ դեպքում։ Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ
Կարապետյանի ֆեյսբուքյան էջը, որն էլ արել էր «Տաշիր Արենայում» հավաքվելու առաջարկը։
Նրա առաջարկին արձագանքած քաղաքացիներից շատերը հորդորել են չվերցնել մանդատները, չհիասթափեցնել
մարդկանց։ Մի կին էլ կոշտ բառապաշարորով է արձագանքել՝ Կարապետյանին որակելով «շարքային անողնաշար քցող» ու առաջարկել «կորել դժոխքի ծոցը»։
Թե ինչ կանի «Ուժեղ Հայաստան»-ը, կվերցնի
մանդատները, թե չի վերցնի, կկորի «գրողի ծոցը», թե կգտնի իրեն խորհրդարանի պատգամավորական
կաբինետնեիրում ու նիստերի դահլիճում՝ քիչ
է մնացել պարզելու։ Ամեն ինչ վերջնականապես կպարզվի ՍԴ-ի՝ ընտրությունների վիճարկման
վերաբերյալ դիրքորոշումից հետո։ Ի դեպ, ուժեղներից շատերի հանրային հայտարարություններից
տպավորություն է, որ հակված են ավելի շատ մանդատները
վերցնելուն, քան թե՝ չվերցնելուն։ Այն հաշվարկով, որ չվերցնելու դեպքում ջուրն է լցվելու
այդքան՝ նախընտրական ահռելի ծախսն ու ներվը, իսկ վերցնելու դեպքում կգնան, իրենց գերթանկարժեք կոստյումների,
շրջազգեստների վրայից կգցեն ընդդիմադիրի փիլոնն ու իրենց ձևով ընդդիմադիր կաշխատեն։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու,
սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ, ի դեպ, երեկ Հ1-ի տաղավարում անդրադարձավ մանդատերի
խնդրին։ Լրագրողի հարցին, թե՝ «Ուժեղ Հայաստան»-ի
կողմից հետընտրական պրոցեսների գեներացումը՝ ընդդիմադիր կոալիցիայի առաջարկ և այլն,
արվել է այն նպատակով՝ որպեսզի արդարացնե՞ն
մանդատները վերցնելը՝ հեգնական տոնով նկատեց՝ իրենք պայքարի մեջ չե՛ն մտել՝ մանդատ
ստանալու համար։ Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ «Մանդատը
շատ մեծ արժեք է էն տեսանկյունից, որ ինքը քաղաքացու վստահությունն է մեր քաղաքական
ուժի նկատմամբ։ Բայց մանդատը որպես իրողություն, որը նյութական տեսանկյունից են փորձում
արժեքը իջեցնել ու ներկայացնել, դա բեռ է։ Մենք բոլորս ապահովված մարդիկ ենք, աշխատանք ունեցող և բոլորս մեծ նեղություն
ենք մեզ տվել էս գործընթացների մեջ մտնելով․․․։ Մանդատ չվերցնելը ամենահեշտ ուղին է, մենք չունենք դեռ որոշում։ Մենք դեռ որոշում
չունենք՝ մանդատները կվերցնենք, թե չէ։ Մանդատ վերցնելը լինելու ա կոնկրետ օրակարգով
և կոնկրետ նպատակ ծառայեցնելու։Մենք երկու տարբերակն էլ կկշռադատենք։ Որն է այս իշխանությանը
իշխանությունից զրկելու հնարավոր իրավական ուղին՝ ընտրությունները և օրենսդիր մարմինը»։
Հասկացա՞ք, սիրելի ընտրողներ։ Ասել կուզի՝
կգնանք, «Հայաստան» դաշինք-ի հետ ուս-ուսի կտանք,գլուխ-գլխի, խելք-խելքի, մեջք-մեջքի, ձեռք-ձեռքի ․․․․ու 5 տարի «բոմբաստիկ», «ֆանտաստիկ»,
«ռոմանտիկ» ելույթներ կունենանք, բարձր պահելով ռազմահայրենասիրության «գրադուսն» ու
ամենակարևորը՝ «սպոռի» մեջ կմտնեմնք Նիկոլ
Փաշինյանի հետ, մենակ թե՝ կրքոտ ելույթներ ունենալու պահով։ Բայց դե ջհանդամ, որ կպարտվենք
էդ սպոռի ժամանակ՝ դրանից բխող հետևանքներով։ Կմաշվենք, բայց կարևորը՝ «մեր ձևով»։
Հ․Մանուկյան