Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարել է, որ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածներում կսահմանափակվեն թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պաշտպանության նախարարության պահանջով հունիսի 20-ից կսահմանափակվեն մինչև 5200 մետր բարձրության վրա թռիչքները։ Սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հետագա ծանուցում։
Սահմանափակումները չեն վերաբերի պետական և փորձարարական ավիացիայի օդանավերին։
Միջոցառումները ձեռնարկվում են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
«Դեպի օդանավակայաններ և օդանավակայաններից կատարվող կանոնավոր և չարտերային չվերթերը կշարունակեն իրականացվել ժամանակացույցի համաձայն», - ընդգծել է «Ռոսավիացիա»-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի վերջին՝ Մոսկվայի մարզում երեք զոհի պատճառ դարձած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից կարճ ժամանակ անց, դիմել էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը և Տրանսպորտի նախարարությանը՝ արգելելու փոքր ինքնաթիռների թռիչքները Մոսկվայի օդային տարածքում: