Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


 

Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։


 

Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։


 

Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։