Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 17-ին պաշտոնապես ազդարարել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային ֆորումի բացումը և հանդես եկել ողջույնի խոսքով։


 

Նախարարը կարևորել է ֆորումի դերը՝ որպես հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում ներդրումների խթանման առաջատար տարածաշրջանային հարթակ՝ ընդգծելով, որ այն տարեցտարի նպաստում է նոր գործընկերությունների ձևավորմանը, միջազգային փորձի փոխանակմանը և ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։

 

Այս տարի ֆորումը համախմբել է ավելի քան 1000 մասնակիցների՝ աշխարհի ավելի քան 28 երկրից, ինչը, նախարարի խոսքով, վկայում է միջոցառման միջազգային հեղինակության և Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։


 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և ոլորտում արձանագրված դրական միտումները՝ նշելով, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանը հյուրընկալել է շուրջ 825 հազար զբոսաշրջիկ։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը շարունակաբար աշխատում է միջազգային և տարածաշրջանային ավիափոխադրողների հետ՝ ընդլայնելով օդային կապերը և նոր ավիաուղղությունները, ինչը կարևոր նախապայման է զբոսաշրջային հոսքերի և ներդրումային ակտիվության աճի համար։

 


Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին՝ նախարարը ներկայացրել է հյուրատնային տնտեսություններին ուղղված աջակցության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է վարկերի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մեքենասարքավորումների ձեռքբերման, բիզնես գործընթացների թվայնացման և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման համար։


 

Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է, որ ֆորումը կարևոր հարթակ է նոր ներդրումային նախաձեռնությունների, գործընկերությունների և երկարաժամկետ համագործակցությունների ձևավորման համար։