Ո՞վ հաղթեց կամ պարտվեց հունիսի 7-ի ընտրություններում. Ընտրությունը պուտինյան Հայաստանի և Հայաստանի Հանրապետության միջև էր

Հունիսի 7-ի ընտրություններն այլևս անցյալում են։ Հետհաշվարկի ժամացույցը, որը միացրել էր ընտրություններին մասնակցած, այսպես ասած, ֆավորիտ ընդդիմադիր ուժերից մեկը, հիմա ցույց է տալիս ներկա ժամանակը՝ ՔՊ-ն երրորդ անգամ ստանձնեց երկրի կառավարումը։ Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին այլ բան չի մնում, քան հաշտվել ընտրողի ազատ կամարտահայտությամբ ձևավորված արդյունքների հետ։ Իհարկե, հայտնի ֆիլմի հերոսուհու պես՝ կլինեն «լացողներ», «գոռացողներ», «քացի տվողներ» և ընդհուպ՝ «կծողներ»՝ ընտրությունների՝ ազատ, արդար լինելը հարցականի տակ դնելու, դրանց վրա ստվեր նետել փորձելու, Սահմանադրական դատարան դիմելու, կարճ ասած՝ բողոքի, չհամակերպվելու իմիտացիա ստեղծելու տեսքով, սակայն պետք չէ ուշադրություն դարձնել այդ «հին կովկասյան»՝ հետընտրական «ավանդույթի» վրա։ Բողոքողներին վերջնարդյունքում այլ բան չի մնա, քան․․․ այն նույն վարքագիծը կրկնելը, որը ցուցաբերվեց  2021-ի հունիսի 21-ի ընտրություններից հետո, երբ ընտրապայքարին մասնակցած ուժերը չհաշտվեցին ժողովրդի կամքի հետ,  բողոքարկեցին ընտրությունների արդյունքները, բայց հետո համակերպվեցին և․․․ դբա ԱԺ՝ գլուխները կախ 5 տարի ընդդիմություն աշխատելու։  Իհարկե, չենք բացառում, որ չհամակերպման շրջանակներում կլինեն փողոցն ակտիվացնելու փորձեր, բայց դրանք էլ, համոզված ենք, պսակվելու են անհաջողությամբ։ Ընդդիմադիր «փոքրիկ խմբակը»  անգամ «պլան բ»-ի պլաններ չունի։       

 

Բայց նախքան այդ արձանագրենք՝ փորձը ցույց տվեց, որ երիցս ճիշտ էր Օտտո ֆոն Բիսմարկը՝ «երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և․․․ ընտրություններից առաջ»։ Ապացուցվեց, որ սուտ էր ընդդիմության այն համոզված պնդումը, որ կառավարող ուժի և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի «երգը երգված է»՝ կորցրել է լեգիտիմությունը, չունի հանրային աջակցություն, և տեխնիկայի հարց է ընտրությունների միջոցով վերջինիս իշխանությունից հեռացնելը։ Փորձը ցույց տվեց, որ պոռոտախոսությունը, որով մասնավորապես հանդես էր գալիս ընտրապայքարի մեջ մտած ուժերից մեկն ու դրա ղեկավարը՝ կառավարության պսևդոնիստեր անցկացնելով, իրեն ապագա վարչապետ երևակայելով, պարտվեց հանրային հավաքական ռացիոնալիզմին։  Պոպուլիստական, ճոռոմ խոստումները՝ 300 հազար աշխատատեղերի ստեղծման, փոքր բիզնեսը հարկերից ազատելու, աղքատների ջուրն ու գազը ձրի դարձնելու և այլ գայթակղիչ բաների մասին, պարտվեցին անցած 8 տարիներին կառավարող ուժի կողմից կատարված, տեսանելի, շոշափելի և դեռ ընթացքի մեջ եղող աշխատանքին։  300 հազար ադրբեջանցիների մասին սպեկուլյացիան պարտվեց սթափ դատողությանն ու հաշվարկին, ընտրակաշառքը, ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների մոբիլիզացիան՝ կոնկրետ մեկ ուժի օգտին քվեարկելու տեսքով, պարտվեցին գիտակցված, անկաշառ, նախանձախնդիր ընտրությանը։ Խաղաղության համաձայնագրի ռևիզիան՝ «երաշխավորված, արժանապատիվ, ուժեղ» խաղաղություն բերելու մասին խոստմամբ, պարտվեց արդեն իսկ առկա, հաստատված ու բացառապես դրա կողմերի կողմից երաշխավորվող խաղաղությանը։ ․․․Եվ ամենի հանրագումարում՝ ՀՀ-ում «վլաստը վերցնելու» խնդիր հետապնդած ռազմավարական երկրի ղեկավարը՝ Պուտինը, պարտվեց  ինքնիշխան, անկախ պետությանը՝ Հայաստա՛ն պետությանը։

 

Այո, 2026 թվականի ընտրություններն առանձնանում էին իրենց ընդգծված արտաքին ազդեցությամբ։ Ակնհայտ էր, որ արտաքին շահագրգիռ կենտրոնները ընտրությունները դիտարկում էին որպես Հայաստանի ինքնիշխանությունն ու ՀՀ ժողովրդի կամքը փորձարկելու կարևոր միջոցառում։ Այդ կենտրոններից մասնավորապես մեկը, որը նախորդող շրջանում անթաքույց հայտարարում էր, որ ՀՀ եվրաինտեգրման կուրսը մահու չափ նյարդայնացնում է իրեն, ու ինքը պատրաստ է ամեն գնով կանխել Հայաստանի ինքնիշխան շարժն ու ձևը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական արգելքներ հարուցելուց, էներգետիկ՝ գազային, լոգիստիկ խոչընդոտներ հարուցելուց մինչև Հայաստանի՝ «երկրորդ Ուկրաինա» դառնալու մասին զգուշացումներ։ Արտաքին մյուս շահագրգիռ կենտրոնի հետաքրքրվածությունն էլ մեր երկրում ընթացող ընտրությունների համատեքստում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կայացածությունն ու դիմադրողունակության ստուգումն էր, թե՝ արդյոք դրանք ի վիճակի՞ են արձագանքել արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին, արդյոք ֆորս-մաժորային իրավիճակներում հետամո՞ւտ են իրենց ստանձնած հանձնառություններին։ Ժողովուրդն, արդ, իր էլեկտորալ վարքով  ցույց տվեց, որ այդ սպառնալիքները, զրկանքները կամ դրանց հեռանկարը  ստորադաս են, երբ զոհասեղանին սեփական երկրում ինքնիշխան ապրելու ինքնիշխան որոշումներ կայացնելն է՝ գնալ հյուսի՞ս, թե՞ հարավ, արևմո՞ւտք, թե՞ արևելք, ա՞ջ, թե՞ ձախ,  մեկումեջ էլ՝ ․․․«աջ քաշած՝ պահած»։   


Հ. Մ.