Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ալբանիայի ԱԳՆ-ն X-ի իր պաշտոնական էջում հրապարակած գրառմամբ նշել է, որ հայ ժողովուրդը Փաշինյանին վստահել է հստակ մանդատ՝ շարունակելու ղեկավարել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով։
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս նշանակալի հաղթանակի և այն հստակ մանդատի կապակցությամբ, որը նրան վստահել է հայ ժողովուրդը՝ շարունակելու առաջնորդել երկիրը խաղաղության, կայունության և ժողովրդավարական վերափոխումների ուղով»,- նշված է գրառման մեջ։
Ալբանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղթանակը որակել է որպես հստակ տեսլականի, խիզախության և առաջնորդության հաստատում՝ ընդգծելով ինստիտուցիոնալ և հասարակական բարեփոխումների, ժողովրդավարական կառավարման ամրապնդման և Հայաստանը եվրոպական արժեքների ընտանիքին ավելի մոտեցնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
Գրառման մեջ նաև նշվում է, որ Տիրանան ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը Երևանի հետ։
«Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցության՝ մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերություններն ավելի խորացնելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու և խաղաղության, ժողովրդավարության ու մեր ժողովուրդների համար ավելի ուժեղ եվրոպական ապագայի նկատմամբ մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու նպատակով»,- ընդգծել է Ալբանիայի ԱԳՆ-ն։