«Գող Բջե»-ն հրահանգել է պատժել «Գոջո»-ին. ԱԱԾ-ն ու Քննչականը քրեական հեղինակությունների են ձերբակալել

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով՝ Ա.Հ.-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար Ս.Պ.-ին ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն:


Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Վ.Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա.Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):


Վերջիններս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։