ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Ռուսաստանից «Զվարթնոց» օդանավակայան ժամանող արական սեռի ՀՀ քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր է տալիս ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը:


Նախարարը պարզաբանել է, որ ծանուցումներն իրականացվում են ըստ կարգի, և օդանավակայանում ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: «Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող ծանուցագիր տալ»,- վստահեցրել է նա:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարից լրագրողները հետաքրքրվել են՝ այդ դեպքում ինչ գործողություններ են օդանավակայանում իրականացնում ՌՈ աշխատակիցները, նա ասել է. «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության: Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա կամ այլ բան, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակում»:


Լրագրողի ճշտող հարցին՝ բացառո՞ւմ է, որ ՌԴ-ից եկած ՀՀ քաղաքացիների 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանուցագրեր կտրվեն, Պապիկյանը շեշտել է. «Ինչպե՞ս կարող եմ բացառել, այսինքն՝ ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին, որը զինապարտ է, հայրենիքի հանդեպ պարտականություններ չունի՞: Բնականաբար, չեմ կարող բացառել»:


Հարցադրմանը՝ միայն ՌԴ-ի՞ց եկող, թե՞, օրինակ, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Սուրեն Պապիկյանն ընդգծել է՝ բնականաբար, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:


Նա հստակեցրել է՝ չի ասում՝ բոլորին ուղարկում են՝ միաժամանակ հորդորելով չխեղաթյուրել իր խոսքերը: