Հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում կայացել է «Ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիների զարգացումներին, առկա մարտահրավերներին, պետական քաղաքականություններին, մարդկային կապիտալի ձևավորմանը։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը դեռևս ձևավորման փուլում է, սակայն արդեն դարձել է երկրի զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ հատկապես վերջին հինգ տարիներին արձանագրելով համակարգային առաջընթաց։
«Մեր առաջնահերթությունը հայրենական արտադրության խթանումն է և պետության, մասնավոր հատվածի ու գիտական համայնքի ջանքերի համատեղումը՝ մրցունակ ռազմարդյունաբերական էկոհամակարգ ձևավորելու նպատակով»,-ասել է նախարարը։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության՝ ռազմարդյունաբերական ընկերությունների համար ներդրված եռամյա պայմանագրերի համակարգը և շուրջ 172 միլիարդ դրամի պետական պատվիրակումը ոլորտի ընկերություններին։ Նրա խոսքով՝ պետական պատվերների ծրագրերը նպաստել են ընկերությունների զարգացմանը և երկարաժամկետ ծրագրավորման հնարավորությունների ընդլայնմանը։
Անդրադառնալով գիտահետազոտական և փորձարարական մշակումների պետական ֆինանսավորմանը՝ նախարարը նշել է, որ այդ ծրագրերը նպաստում են նոր գիտելիքի, տեխնոլոգիական լուծումների և նորարարությունների ստեղծմանը։ Նախարարն ընդգծել է նաև մարդկային կապիտալի զարգացման կարևորությունը՝ նշելով, որ ռազմարդյունաբերությունը ձևավորում է գիտնականների և ինժեներների նկատմամբ պահանջարկ, բարձրացնում տեխնոլոգիական մասնագիտությունների գրավչությունը և ստեղծում նոր հնարավորություններ տնտեսության համար։
Խոսելով ոլորտի զարգացման մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է կայուն և կանխատեսելի միջավայրի, նորարարության և արագ որոշումների կարևորությունը՝ ընդգծելով, որ համաշխարհային մրցակցությունում հաջողելու համար անհրաժեշտ է խրախուսել փորձարկումները, արագ արձագանքել փոփոխություններին և շարունակաբար զարգացնել ոլորտի կարողությունները։
Քննարկման ավարտին նախարարը հայտնել է, որ առաջիկայում ՀՀ կառավարությանն ու ոլորտի ներկայացուցիչներին կներկայացվեն ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը:
Պանելային քննարկումը վարել է APRI Armenia-ի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Davaro LLC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Գալոյանը, «Սյունիք» ներդրումային հիմնադրամի ղեկավար Ադամ Քաբլանյանը, Advanced Technologies Group (ATG)-ի տնօրեն Գեղամ Վարդանյանը և ZCMC-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ժանյանը։